Նախընտրական վերջին հանրահավաքները. Ընտրողների հետ հանդիպել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը

Հայաստանում վերջին նախընտրական հանդիպումներն են անցկացվում ընտրություններից առաջ: Այսօր Երևանի կենտրոնում հանրահավաք էին անցկացնում ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, իսկ ՀՀԿ-ն իր ընտրողների հետ հանդիպել էր Աջափնյակում:

Ի մի բերելով նախընտրական ընտրարշավը՝ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանն Աջափնյակում կազմակերպված հանդիպման ժամանակ նշել է, որ ուրախ է մեր երկրի բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք լիարժեք հնարավորություն ունեցան իրենց ծրագրերն ու ծառայություններն առաջարկել քաղաքացիներին: Նախագահը նաև շնորհակալություն է հայտնել ընտրողներից և ընտրվողներին՝ նախընտրական շրջանում համեմատաբար խաղաղ պայմաններ ապահովելու համար.

«Մենք վաղուց ընտրության չենք գնացել առանց ավելորդ լարվածության: Գոհ եմ, որ մենք վերջապես հիմք ենք դնում ընտրարշավի և քաղաքական մրցակցության նոր ավանդույթների: Համոզված եմ, որ Հայաստանում մեծացող սերունդները դեռ քաղելու են դրանց պտուղները»,-ընդգծել է ՀՀԿ առաջնորդը:

Ս.Սարգսյանը կարևորել է համատեղ ջանքերի գործադրման կարևորությունը մեր երկրում առկա խնդիրների լուծման համար. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այո՛, հզոր և առաջատար քաղաքական ուժ է և կատարում է իր առաքելությունը, բայց ոչ մի կուսակցություն միայնակ չի կարող ապահովել այն բարձր նշաձողը, որ ինքներս սահմանել ենք միասին իբրև հասարակություն, և դա հասկանում են Հայաստանի քաղաքացիներն ու ողջ հայությունը»,- ասել է նախագահը՝ հավաստիացնելով, որ այսուհետ ևս ՀՀԿ-ն հետևողակ է լինելու՝ ավելի լավ Հայաստան կառուցելու համար:

ՀՀԿ առաջնորդն աջափնյակցիներին նաև կոչ է արել քվեարկել Հանրապետական կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներ Ռուբեն Հովսեփյանի ու Ռուբեն Սադոյանի օգտին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեծ հանրահավաքը Մատենադարանի հարակից հրապարակում կարճ է տևել և ավարտվել է ժամանակից շուտ` հորդառատ անձրևի պատճառով:

Գագիկ Ծառուկյանն ու նրա թիմակիցները` Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, նախարարներ Հարություն Քուշկյանը և Արթուր Գրիգորյանը, մարզպետերը, պատգամավորները ու նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները բեմ են բարձրացել ամպրոպի որոտալու պահին:

«Սիրելի ժողովուրդ, ամենակարևորը` գնացեք ընտրության և ոչ մեկի մի լսեք` միայն ձեր որոշումն է կարևորը ու առաջնայինը: Ինչ թելադրում է ձեր սիրտը, այդպես էլ ընտրեք»,- իր խոսքում կոչ է արել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա նաև նշել է, որ չի ցանկանում երկար խոսել, որպեսզի մարդիկ չթրջվեն.

«Անձրև է գալիս, չեմ ուզում, որ թրջվեք: Աստված ձեզ պահապան, շնորհակալություն»:

ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի ելույթները դեռ նոր պետք է հնչեն Ազատության հրապարակում:

Ազատության հրապարակի հարթակում ժողովրդին ողջունել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչին ի պատասխան ժողովրդի միջից լսվեց «Լե-վոն, նա-խա-գահ, Լե-վոն նախագահ»: Այստեղ են նաև ՀԱԿ մյուս ներկայացուցիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում