IFC-ն և Ամունդի-Ակբան Հայաստանի ենթակառուցվածքներում ներդրումները կավելացնեն
Նմանատիպ
Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ ընկերությունը մեկնարկում են նոր համագործակցություն՝ Հայաստանի ենթակառուցվածքներում մասնավոր հատվածի ներդրումների արագացմանը նպաստելու, ինչպես նաև երկրում աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին օժանդակելու նպատակով։
Ամունդի-Ակբան ամոբղջ աշխարհում առաջին կենսաթոշակային ֆոնդի կառավարիչն է, որ միացել է IFC-ի «Համագործակցության մասին գլխավոր համաձայնագրին»:
«Համագործակցության մասին գլխավոր համաձայնագիրն» ապահովում է զարգացող երկներում բազմաթիվ վարկատուների կողմից միասնական փաթեթով ընկերություններին ֆինանսավորում տրամադրելու պարզեցված եղանակ: Ըստ այս համաձայնագրի և կենսաթոշակային ֆոնդերի մասին օրենքի, երկու կազմակերությունները կգնահատեն Հայաստանի ենթակառուցվածքներում խոշոր ծրագրերի ֆինանսավորման իրագործելիությունը և հնարավորությունները։
Համաձայնագիրն ընդունող վարկատուներն օգտվում են IFC-ի վարկերի սինդիկացման հարթակից, որը զարգացող շուկաներում մասնավոր ընկերությունների համար ավելի քան 100 միլիարդ դոլար է ներգրավել, ինչպես նաև գործարքների կառուցվածքի սահմանման, պատշաճ ուսումնասիրության, բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման և ազդեցության չափորոշման ու գնահատման ոլորտում IFC-ի փորձառությունից։ IFC-ն մասնավոր կապիտալի մոբիլիզացման մասշտաբներն ընդլայնելու նպատակ ունի՝ ձևավորվող շուկաներում զարգացումն արագացնելու և կլիմայի մեղմմանը ու հարմարվողականությանն օժանդակելու համար։
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը, ավելի քան 700 մլն դոլար կառավարման ներքո ակտիվներով, հայաստանյան առաջատար կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչն է։
Այս համաձայնագիրը լրացնում է ֆրանսիական Ամունդիի և IFC-ի՝ դեռևս 2018թ.-ին մեկնարկած երկարաժամկետ համագործակցությունը, ըստ որի, վերջիններս հայտարարեցին զարգացող շուկաների վրա կենտրոնացած աշխարհի ամենամեծ նպատակային կանաչ պարտատոմսերի ֆոնդի՝ Amundi Planet Emerging Green One-ի գործարկման մասին: Ամունդին այս գործընկերությանը խթանում է զարգացող շուկաների պարտքային գործիքներում իր ներդրումային հնարավորություններով ու ESG (բնապահպանական, սոցիալական և կառավարչական) համապատասխանության հանձնառությամբ, իսկ IFC-ն՝ զարգացող երկրներում իր եզակի տարածմամբ: Երկու ընկերությունները միավորել են ուժերը՝ ներդրումային նորարարությունների, կանոնավոր կրթության և գիտելիքի փոխանցման ծրագրերի միջոցով կապիտալը զարգացող շուկաներ ուղղելու նպատակով, որոնք նախատեսված են թե՛ թողարկողների, թե՛ ներդրողների համար:
«Մեր կողմից կառավարվող ֆոնդերի շահառուների համար արժանապատիվ կենսաթոշակ ապահովելը մեր հիմնական առաքելությունն է մնում։ Միևույն ժամանակ, մեր ներդրումների միջոցով Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստելը մեզ համար կարևոր է։ IFC -ի՝ ամենահեղինակավոր միջազգային հաստատություններից մեկի հետ սույն համաձայնագիրը մեզ կօգնի իրագործել մեր նպատակը»,-նշել է Ամունդի-Ակբա ընկերության գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը։
«Կայուն ենթակառուցվածքն առանցքային է զարգացող շուկաներում մարտահրավերներին դիմագրավելու համար, ինչի պատճառով էլ Հայաստանի ենթակառուցվածքներին օժանդակելը IFC-ի առաքելության կարևոր մասն է։ Ամունդի-Ակբային ողջունում ենք ներդրումային գործընկերների մեր հսկայական ցանցում։ Կապիտալի մոբիլիզացմամբ մեր նպատակը Հայաստանի ժողովրդի կյանքի վրա մեր ֆինանսավորման դրական ազդեցության ընդլայնումն է», – նշել է Հարավային Կովկասում IFC-ի տարածաշրջանային ղեկավար Իվանա Ֆերնանդես Դուարտեն։
IFC-ն «Համագործակցության մասին գլխավոր համաձայնագիրը» ստեղծել է 2008 թվականին՝ համաշխարային ներդրողների շրջանում ավելի մեծ համագործակցություն խթանելու և զարգացող երկրներում մասնավոր հատվածի ֆինանսավորման պակասը լրացնելու համար։ Համաձայնագիրը սոցիալական, շրջակա միջավայրի վրա և տնտեսական դրական ազդեցություն ապահովելու համար առկա պատասխանատու կապիտալի ֆոնդն ընդլայնելու և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործմանն ու Կլիմայի մասին փարիզյան համաձայնագրի նպատակներին օգնելուն ուղղված IFC-ի աշխատանքի անկյունաքարն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում