Մամուլն այսօր. Անդրադարձներ նախընտրական քարոզարշավի առանձնահատկություններին և հետընտրական զարգացումներին
Նմանատիպ
Ընտրություններ.
Մայիսի 5-ին թերթերը կարող են լույս տեսնել` առանց քաղաքական դիրքորոշում արտահայտող որևէ նյութի: Դրանցում կարող են լինել սպորտային, մշակութային, գիտական, բայց ոչ ներքաղաքական իրավիճակին վերաբերող հոդվածներ: ԿԸՀ անդամ Գեորգի Մարիտրոսյանը «Երկիր»-ի հետ զրույցում նշել է` «Կապ չունի, թե այդ օրը լույս տեսած թերթում նախորդ օրվա քարոզարշավի՞, թե՞ մեկ ամիս առաջ տեղի ունեցած միջոցառման լուսաբանումը կլինի: Եթե հրապարակումներում լինեն քարոզչական կամ հակաքարոզչական տարրեր, ապա Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 7401-րդ հոդվածի համաձայն` լրատվամիջոցը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով (500-700 հազար դրամ):
«Հայոց աշխարհ»-ն անդրադարձել է քարոզարշավի առանձնահատկություններին ու գրել, որ այս անգամ նորություն գրեթե չկա խոստումները, ծրագրերը կուսակցությունների տարբեր դեմքերի միջոցով մատուցելու տեխնոլոգիաներում։ «Քարոզարշավի գրեթե բոլոր մասնակիցների առաջին դեմքերի իմիջը փաստորեն նույնն է մնացել, այսինքն՝ նրանք ընկալվում են այնպես, ինչպես ընկալվում էին 2007 թվականին։
Էական տարբերություններն այս առումով ընդամենը երկուսն են.
ա) Հանրապետականն այժմ ընկալվում է որպես նախագահի կուսակցություն, այսինքն՝ ունի «ստատուսային առաջընթաց»,
բ) որոշակիորեն բարելավվել է նաև «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի իմիջը, որը, անկասկած, քաղտեխնոլոգների լուրջ աշխատանքի արդյունք է։
Մնացած կուսակցությունների և առաջին դեմքերն են նույնը մնացել, և նրանցից յուրաքանչյուրի քաղաքական իմիջը։ Օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը ինչպես 2007-ին, այնպես էլ 2012-ին ներկայացել է միևնույն կերպարով։ Տարբերությունը միայն երգիչների փոփոխությունն է, ինչը չի կարող էական ազդեցություն ունենալ հանրային ընկալումների վրա։
Իսկ ահա ՀԱԿ-ի առաջնորդ Տեր-Պետրոսյանի իմիջը զգալիորեն խունացել է 2008-ի համեմատությամբ։
Այսպիսով՝ ավարտված քարոզարշավի բովանդակային կողմը շատ ավելի թույլ էր և աղքատ նախորդ բոլոր խորհրդարանական ընտրապայքարների համեմատ։ Որպես որոշակի գաղափարախոսություն ունեցող կուսակցություններ երբեմն-երբեմն առկայծում էին 1-2-ը և ոչ ավելին, այն էլ առկայծում էին, ոչ թե փայլատակում, ամբողջացնում սեփական կերպարի էական գծերը և դրանք մատուցում հանրությանը»,- գրում է թերթը։
«168 ժամ»-ը գրում է, որ մայիսի 6-ի Աժ ընտրություններին մասնակցող քաղաքական 6 ուժեր` ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀԿ, ՕԵԿ, ՀԴԿ, ՀԿԿ, երեկ հանդես են եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ ընտրությունների օրն ընտրատեղամասերում նկարահանելու են քվեարկության ամբողջ ընթացքը: «Կարևորելով 2012թ. Աժ ընտրությունների անցկացման որակն ու պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը և հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ, 48-րդ և 67-րդ հոդվածների դրույթները, որոշեցինք դրսևորել միասնական կամք, միավորել մեր հնարավորությունները, և համատեղ ջանքերով ՀՀ հնարավորինս մեծաքանակ ընտրական տեղամասերում իրականացնել քվեարկության գործընթացի և արդյունքների ամփոփման տեսանկարահանում’ չխախտելով քվեարկության գաղտնիությունը: Յուրաքանչյուր մասնակից կուսակցության վստահված անձի կատարած տեսանկարահանումը ըստ պահանջի կտրամադրվի մյուս մասնակից կուսակցությանը: Սույն հայտարարությանը կարող են միանալ Աժ ընտրություններին համամասնական կարգով մասնակցող մյուս կուսակցությունները»,- ասված է հայտարարության մեջ: Այս հայտարարությանը չեն միացել ՀԱԿ-ը, «Ժառանգությունն» ու ընտրություններին մասնակցող «Միավորված Հայեր» կուսակցությունը:
Զարմանազան.
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել, որ ՕԵԿ-ը վերջերս մոտ 100.000 հեռախոս է ներկրել: «Ըստ լավատեղյակ աղբյուրների` բջջային հեռախոսները Հայաստան են բերվել առաջիկայում մարդկանց որպես ընտրակաշառք բաժանելու համար (ՕԵԿ գրասենյակներում վաղուց սկսվել է հեռախոսների հերթագրումը անձնագրերով): Ուշագրավն այն է, որ կուսակցությունը հեռախոսները ներկրում է Դուբայից` մի քաղաքից, որտեղ, ինչպես ժամանակին ՕԵԿ-ականներն էին խոստովանել, մեկնել էին կուսակցական բջիջ ստեղծելու համար: Փաստորեն, հիմա այդ բջիջները սկսել են բավականին ակտիվ աշխատել, ավելին, օգնություն են ցուցաբերում»,- գրում է թերթը: ՕԵԿ-ից հերքել են այս լուրերը:
«Իրավունք»-ը զրուցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հարցին`«որքան կլինեն ՀՀԿ-ի քվեները», Աբրահամյանը պատասխանել է. «Վստահ եմ` մեզ կհաջողվի ստանալ մեծամասնություն, բայց առավել կարևոր է, որ մենք անցկացնենք նոր որակի ընտրություններ»:
«Չե՞ք ափսոսում, որ ընտրություններից հինգ ամիս առաջ հրաժարվեցիք Աժ նախագահի պաշտոնից» հարցին Հ. Աբրահամյանը պատասխանել է. «Սա առաջին անգամը չէ, երբ ես ղեկավարում եմ նախընտրական շտաբ: Լավ պատկերացնելով աշխատանքի ծավալը և պատասխանատվությունը` ես գիտակցված որոշում կայացրեցի` հրաժարվել ԱԺ նախագահի պաշտոնից, և իմ որոշումն ակնհայտ ճիշտ էր ապագայի համար»:
Հ. Աբրահամյանը չի բացառում, որ նորից կարող է զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. «Չեմ բացառում ոչինչ: Դա կախված է ընտրության արդյունքներից և կուսակցության որոշումից»:
Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով այն հարցին, թե` «ՀՀԿ-ի կարգախոսի տեսանկյունից ինչի՞ն եք հավատում և ի՞նչ եք փոխել», պատասխանել է. «Դուք չէիք հավատում, որ ես կլինեմ ՀՀԿ կենտրոնական շտաբի պետը, չէիք հավատում, որ կլինեմ համամասնական ցուցակի երկրորդ տեղում, իսկ ես հավատում էի, ուրեմն հավատանք, որ փոխենք»:
Վերլուծություն ընտրական զարգացումների շուրջ.
«Առավոտ» թերթի խմբագիրն այսօրվա համարում գրում է.
«Մայիսի 6-ի երեկոյան ՀՀԿ-ն կասի, որ ընտրություններն անցել են աննախադեպ թափանցիկ եւ ժողովրդավար պայմաններում, իսկ ՀԱԿ-ը կասի, որ սրանք առավել խայտառակ ընտրություններն էին Երրորդ հանրապետության պատմության ընթացքում, եւ եթե ժողովուրդը չբռուցքվի եւ ոտքի չկանգնի, ապա Հայաստանը վերանալու է աշխարհի քարտեզից։ Այդ երկու ծայրահեղացված գնահատականները կապ չունեն իրականության հետ՝ մենք նույնքան հեռու ենք ժողովրդավարությունից, որքան՝ աշխարհի քարտեզից ջնջվելուց։
Լավատեսական «ժողովրդավարական պատկերների» համար էլ որեւէ հիմք չկա. Ընտրակաշառքներն արդեն բաժանված են, վարչական բոլոր լծակները կիրառված են: Այդ պայմաններում դժվար է ակնկալել, որ որեւէ քաղաքական ուժ, բացի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից, կարող է ստանալ ավելի մեծ, քան 10-15 հոգանոց խմբակցություն։
Այսքանով հանդերձ այս շաբաթների ընթացքում ի հայտ են եկել քաղաքական մշակույթի նոր տարրեր։ Ընդդիմությունը չէր բավարարվում կախաղանների եւ տրիբունալների հնամաշ սպառնալիքներով, հայհոյանքներով եւ վիրավորանքներով, այլ փորձում էր նաեւ քաղաքական եւ տնտեսական այլընտրանքներ առաջարկել։ Դա վերաբերվում է, բնականաբար, Դաշնակցությանն ու «Ժառանգությանը»։ Իշխանությունը, որպես կանոն, չէր պատասխանում իր հասցեին հնչող վիրավորական որակումներին։ Հեռուստաեթերում ընդդիմության համար ստեղծվել էին ինքնարտահայտվելու նորմալ պայմաններ։ Երեք քաղաքական ուժեր, ունենալով տարբեր մոտեցումներ, պայմանավորվել են միասնաբար վերահսկել ընտրությունների օրինականությունը։
Այդ ամենը մի փոքր հույս է ներշնչում, որ մեր քաղաքական համակարգը, թեեւ շատ դանդաղորեն, բայց սկսել է շարժվել մեռյալ կետից։ Որ ընտրություններից հետո թեեւ կլինեն հանրահավաքներ, բողոքարկումներ եւ սպառնալիքներ, բայց չեն լինի բախումներ։ Որ խորհրդարանում հայտնված ուժերը, անկախ նրանից, թե ինչ կոալիցիաներ են կազմելու, կձեւավորեն այնպիսի կառավարություն, որն ունակ կլինի մեղմացնել ներկայիս սոցիալական լարվածությունը։ Բոլոր դեպքերում, լավատեսությունը մեր դեպքում պետք է չափազանց զգուշավոր լինի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում