Ուրուգվայի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող` Ուրուգվայի Հանրապետության ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրը` Հայոց ցեղասպանությունը, առաջինը ճանաչած ու դատապարտած պետության ԱԳ նախարարը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ նա շրջել է հուշահամալիրի տարածքում, թանգարան-ինտիտուտում, ծանոթացել ոճրի փաստական նյութերին, վավերագրերին, լուսանկարներին: Լուիս Ալմագրոն գրառում է կատարել Ծիծեռնակաբերդի պատվո հյուրերի մատյանում, եղեւնի տնկել Հիշատակի պուրակում:

«Ուրուգվայի ողջ պատմությունը ցույց է տալիս, որ այն մարդու իրավունքները հարգող պետություն է: Ուրուգվայը չի սպասել, որ ուրիշները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, այլ ինքն է առաջինը ճանաչել  ցեղասպանությունը»,-ասել է ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն:

Ի թիվս ավելի քան երկու տասնյակ պետությունների, Վատիկանի, Եվրախորհրդարանի, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, միջազգային այլ հեղինակավոր կառույցների, ԱՄՆ 42 նահանգների, աշխարհի տարբեր քաղաքների մունիցիպալ կառույցների, Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել է 1965 դեռեւս թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում