Լ.Ալմագրո. «Ուրուգվայում ամենաջերմ զգացմունքներն են տածում հայ ժողովրդի եւ Հայաստանի հանդեպ»
Նմանատիպ
Մայիսի 4-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտոնական այցելությամբ Երեւան ժամանած Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոյի հանդիպումը, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստանը և Ուրուգվայը գտնվում են հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, բայց Ուրուգվայը Հայաստանի և հայ ժողովրդի համար շատ մոտ և բարեկամական երկիր է: Ուրուգվայը առաջին երկիրն էր, որը դեռ 1965թ. ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը և պատահական չէ, որ իր պաշտոնական այցելությունը Հայաստան սկսեցիք հենց Ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ: Մենք շատ շնորհակալ ենք Ուրուգվայի ժողովրդին, Ուրուգվայի ղեկավարությանը, որ բացել են իրենց դռները, ընդունել են ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին, և հազարավոր հայեր են ապրում Ուրուգվայում, որոնց համար այդ երկիրը երկրորդ հայրենիք է դարձել: Մեզ կապում են բավական սերտ եւ ջերմ հարաբերություններ»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Լուիս Ալմագրոն ընդգծեց, որ Ուրուգվայում ամենաջերմ զգացմունքներն են տածում հայ ժողովրդի եւ Հայաստանի հանդեպ, ինչի վկայությունն է բազմահազարանոց հայկական համայնքի դերակատարությունը իր երկրի կյանքում, եւ ամուր միջպետական հարաբերությունները Հայաստանի հետ:
Հանդիպմանը հանգամանալից քննարկում տեղի ունեցավ երկկողմ հարաբերությունները առավել զարգացնելու ուղիների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:
Նախարարները պայմանավորվեցին հավելյալ ջանքեր գործադրել քաղաքական երկխոսությունը, միջազգային կազմակերպություններում համագործակցությունը ամրապնդելու, առեւտրատնտեսական հարաբերությունները խթանելու, իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու նպատակով:
Էդվարդ Նալբանդյանի ու Լուիս Ալմագրոյի բանակցությունների օրակարգում էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Այս առումով երկուստեք շեշտվեց, որ միջնորդների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում