Ուրուգվայի ԱԳ նախարար. «Մենք դատապարտում ենք ագրեսիայի և հրադադարի ռեժիմի ցանկացած խախտման դեպք»

«Այս տարի մայիսի 27-ին  նշելու ենք դիվանագիտական հարաբերությունների քսանամյակը: Ուրուգվայն այն երկրներից էր, որը առաջիններից ճանաչեց մեր անկախ Հանրապետությունը՝ 1991թ. դեկտեմբերի 26-ին»: Այս մասին այսօր Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը նշել է, որ պետք է երկկողմ քայլեր ձեռնարկեն, որպեսզի ամրապնդեն իրավապայմանագրային դաշտը. «Երկու երկրների միջև ունենք 8 ստորագրված փաստաթուղթ, նոր պայմանագրերի նախագծեր են փոխանակված և պատրաստում ենք ընդլայնել այդ դաշտը»:

Նշելով, որ երկկողմն հանդիպման ժամանակ խոսել են ԼՂ  հիմնախնդրի կարգավորման գործընթացից, Էդ.Նալբանդյանն ասել է, որ իրենք ունեն նույն մոտեցումները. «Այդ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, այն առաջարկների հիման վրա, որոնք արվել են եռանախագահների կողմից: Մենք շնորհակալ ենք Ուրուգվայի արտաքին գործերի նախարարին այն հայտարարությունների համար, որն ինքը արել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ»:

Ուրուգվայի նախագահ Լ.Ալմագրոն իր հերթին  ասել է, որ Ուրուգվայի համար ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած առաջարկները բավարար և պարզ են, որպեսզի աջակցություն գտնեն նաև լատինաամերիկյան այլ երկրների կողմից: Նրա խոսքերով՝ հայերը կապված են Արցախի յուրաքանչյուր քարի հետ. «Ինքնորոշումը ֆունդամենտալ իրավունք է, և դա է Ուրուգվայի դիրքոշումը»,- ընդգծել է Լ.Ալմագրոն:

Ուրուգվայի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ուրուգվայը հարգում է ՄԱԿ-ի բոլոր  հիմնարար սկզբունքները՝ գտնելով, որ ԼՂ հիմնահարցը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա. «Այս խնդիրը չի կարող ունենալ որևէ ռազմական լուծում, ինչի մասին բավականին պարզ արտահայտվել է նաև միջազգային հանրությունը` ի դեմս Մինսկի խմբի»:

Լ.Ալմագրոն նաև շեշտել է, որ իր երկիրը դատապարտում է ագրեսիայի և հրադադարի ռեժիմի ցանկացած խախտման դեպք. «Հրադադարի խախտման այս վերջին դեպքերը խոսում են այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող կարգավորվել սպառազինությունների ավելացման միջոցով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում