Թալիբները ջրցան մեքենաներ են կիրառել կին ցուցարարների դեմ

Թալիբները ջրցան մեքենաներ են կիրառել կին ցուցարարների դեմ

Աֆղանստանի Հերաթ քաղաքում թալիբները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարար կանանց նկատմամբ, որոնք փողոց են դուրս եկել՝  ընդդեմ համալսարաններում կանանց սովորելն արգելող որոշման։

Անցած շաբաթվա ընթացքում թալիբների ընդունած որոշումը, համաձայն որի՝ աֆղան կանանց արգելվում է այսուհետ այցելել համալսարաններ, դարձել է կանանց ազատությունների սահմանափակմանն ուղղված գործողությունների վերջին կաթիլը։

Հիշեցնենք, որ թալիբան շարժումը Աֆղանստանում իշխանությունը զավթեց 2021թ-ի օգոստոսին, այն բանից հետո, երբ ամերիկյան զինված ուժերը հեռացան այս երկրից։

Թալիբները, որոնք Աֆղանստանում իշխել են 1996-2001թթ-ին և աչքի են ընկել ծայրահեղ հետադիմական ու կառավարման բռնի մեթոդներով,  իշխանության վերադառնալով՝ խոստացան  հարգել կանանց իրավունքներն ու ազատությունները։ Մինչդեռ, 2022թ-ի մարտին թալիբները արգելեցին աղջիկներին սովորել միջնակարգ դպրոցներում, այժմ էլ հերթը հասել է համալսարանական կրթությունն արգելելուն։

Իշխող թալիբների այս որոշումը մեծ ալիք է առաջացրել երկրում․ բացի կանանցից՝ այս որոշման դեմ ընդվզել են նաև արական սեռի ուսանողները, ովքեր բոյկոտել են քննությունները՝ կաթվածահար անելով ողջ կրթահամակարգը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում