Ռուբեն Վարդանյանը պարենային անվտանգության հարցեր է քննարկել առաքող և արտադրող ընկերությունների հետ
Նմանատիպ
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է առաքող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ՝ տեղեկանալու Ադբրեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում նրանց խնդիրների մասին, ինչպես նաև քննարկելու պարենային անվտանգությանն
առնչվող մի շարք հարցեր:
Խորհրդակցության մասնակիցները պետնախարարին հավաստիացրել են, որ շրջափակման իրավիճակում իրենց համար առաջնային է հանրային ու պետական շահը, և պատրաստակամություն են հայտնել կառավարության հետ համագործակցված աշխատել՝ ճգնաժամին միասնաբար դիմակայելու համար:
Գործարարներն առաջարկել են նաև անհրաժեշտության դեպքում դիտարկել իրենց տնօրինության տակ գտնվող ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունը՝ առկա պաշարները պահպանելու և համաչափ բաշխելու հարցում:
Ռուբեն Վարդանյանը ողջունելի է համարել նրանց մոտեցումն ու
դիրքորոշումը՝ ընդգծելով այս բարդ իրավիճակում առկա խնդիրների
քննարկման և համատեղ լուծումներ գտնելու կարևորությունը: