Ոստիկանությունը քննարկում է երեկվա պատահարի պատճառի մի քանի վարկած
05/05/2012 12:14
Նմանատիպ
ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած դեպքի քննության վերաբերյալ: Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է.
«Մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառման ընթացքում բռնկվել են գազով լցված փուչիկները, ինչի հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցներ, այդ թվում` երեխաներ, ստացել են տարբեր բնույթի այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն անմիջապես արձագանքել են պատահարին:
ՀՀ ոստիկանապետի հրամանով արդեն ձևավորվել են մի քանի ուղղությամբ աշխատող օպերատիվ խմբեր: Իրականացվում են այցելություններ հիվանդանոցներ, հարցման են ենթարկվում պատահարի վայրում ներկա գտնվողները և տուժածները, միջոցներ են ձեռնարկվում բռնկման անմիջական ականատեսներին հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի մյուս մանրամասները պարզելու նպատակով պահանջվում են անհրաժեշտ փաստաթղթեր և այլ նյութեր:
Ներկայումս իրականացվող քննությամբ քննարկվում է պատահարի պատճառի մի քանի հավանական վարկած` ինքնաբռնկում, հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելը, դիտավորությամբ կամ անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը և այլ վարկածներ:
Ոստիկանությունը պարբերաբար կտեղեկացնի իրականացված գործողությունների և ստացված արդյունքների մասին: Պատահարի կապակցությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ պարբերաբար զեկուցվում է Հանրապետության Նախագահին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում