Սևանա լճի մակարդակը տարեցտարի իջնում է՝ գրանցելով բացասական հաշվեկշիռ
Նմանատիպ
Արդեն 2 տարի շարունակ Սևանա լճի մակարդակը իջնում է։
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ուսումնասիրել է Սևանա լճի բնապահպանական իրավիճակն ու բացահայտել է մտահոգիչ փաստեր։
Ըստ առկա տվյալների` 2021թ-ին լճի մակարդակը 1900.52 մ-ից իջել էր 9 սմ-ով և կազմել է 1900.43 մ: 2022թ. տարեվերջին՝ դեկտեմբերի 29-ի դրությամբ, լճի մակարդակը կազմում է 1900․28 մ, ինչը 15 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից։
Ստացվում է, որ 2020թ-ի համեմատ երկու տարում լճի մակարդակն իջել է 24 սմ-ով:
Ուշագրավ է, որ 2021թ. լճի մակարդակի անկումն, ի թիվս տարբեր գործոնների, պայմանավորված էր նաև հավելյալ ջրառով. լճից իրականացվել է 227.651 միլիոն խ/մ ջրառ, որից հավելյալ ջրառը կազմել է 57,651 միլիոն խ/մ: Մինչդեռ 2022թ. լճից բաց է թողնվել օրենքով սահմանված առավելագույն 170 միլիոն խ/մ չափաքանակից քիչ՝ 165․063 միլիոն խ/մ, ինչպես նաև տարեսկզբից Արփա-Սևան ջրատարով լիճ է ներհոսել 162.576 միլիոն խ/մ ջուր, սակայն լճի մակարդակը չի բարձրացել:
Լճի մակարդակի անկումն ուղեկցվում է լճի ջրի որակի վատթարացմամբ, որի ցուցանիշը լճի ծաղկումն է կապտականաչ ջրիմուռներով: Լճի մակարդակի նվազումը պայմանավորված է ինչպես ջրառով, այնպես էլ տեղումների բացակայությամբ, Սևանա լիճ թափվող գետերի սակավաջրությամբ:
Հիշեցնենք, որ, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագիրը հաստատելու մասին» օրենքի համաձայն, Սևանա լիճը պետք է տարեկան բարձրանա 21.6 սմ-ով: 2030թ-ին լճի մակարդակը պետք է հատի 1903 մ նիշը: Սակայն տարեցտարի լճի մակարդակն ավելի խոշոր բացասական հաշվեկշիռ է գրանցում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում