Մահացել է Պելեն
Նմանատիպ
Մահացել է ֆուտբոլի արքա Էդսոն Արանտիս դու Նասիմենտուն, նույն ինքը՝ Պելեն։
Նա երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ։ Պելեն ֆուտբոլային հանրության կողմից անառարկելիորեն համարվել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ և կնքվել որպես ֆուտբոլի արքա։
Պելեն ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 23-ին բրազիլական Տրես Կորասոյնս փոքրիկ քաղաքում, աղքատ ընտանիքում։ Ֆուտբոլը երիտասարդ Էդսոնի ամենասիրելի զբաղմունքն էր։ Նրա հայրը՝ նախկին ֆուտբոլիստ Դոնդինյոն, եղել է իր որդու առաջին ուսուցիչը ու նրան փոխանցել մի շարք սպորտային վարպետության գաղտնիքներ։
Իր ֆուտբոլային ակումբային գրեթե ողջ կարիերայի ընթացքում (1956-1974թթ) Պելեն խաղացել է Սան Պաուլուի «Սանթոսում», որի կազմում 11 անգամ հռչակվել է նահանգի չեմպիոն և 11 անգամ էլ դարձել է առաջնության լավագույն ռմբարկու։ Պելեի դեբյուտը Բրազիլիայի ազգային հավաքականում եղել է 1958թ-ին, 17 տարեկանում, Շվեդիայում։ Եզրափակիչում տան տերերի դեմ խաղում Պելեն դարձավ դուբլի հեղինակ՝ խփելով ֆուտբոլի պատմության ամենահայտնի գոլերից մեկը։
1962 և 1970թթ-ին Պելեն իր ազգային հավաքականի հետ կրկին նվաճեց աշխարհի գավաթը՝ դառնալով ֆուտբոլի պատմության մեջ միակ մարզիկը, ով կարողացել է 3 անգամ նվաճել այս հեղինակավոր տիտղոսը։
1975թ-ին Պելեն 1 տարվա դադարից հետո որոշում կայացրեց վերադառնալ մեծ ֆուտբոլ՝ խաղալով ամերիկյան «Նյու Յորք Կոսմոս» ակումբում, որի հետ կարողացավ նվաճել ԱՄՆ-ի չեմպիոնի տիտղոսը։ 1977թ-ի հոկտեմբերի 1-ին Պելեն խաղաց իր հրաժեշտի խաղը՝ 1 խաղակես խաղալով «Սանթոսի» կազմում, մյուս խաղակեսը՝ «Նյու Յորք Կոսմոսի»։
Պելեն համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր և ազդեցիկ կերպարներից մեկն էր, նրա սահմանած բազմաթիվ վիճակագրական ռեկորդներ մինչև օրս մնում են անհաղթահարելի։ Նա ավելի քան 50 տարի մնում էր Բրազիլիայի հավաքականի լավագույն ռմբարկուն (ռեկորդը գերազանցել է Նեյմարը), ինչպես նաև բոլոր ժամանակների թիվ մեկ գոլահարը (ռեկորդը գերազանցեց Կրիշտիանու Ռոնալդուն)։
Պելեն 45 տարի առաջ ավարտել էր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, սակայն շարունակում էր մնալ կենդանի լեգենդ և այս սպորտաձևի ամենաբարձր նշաձողը, որի հետ համեմատվելն իսկ մեծագույն ձեռքբերում է։
Պելեն 82 տարեկան էր։