Ինչպիսին էր 2022-ը Newmag հրատարակչության համար
Նմանատիպ
Հրատարակչական գործը Հայաստանում 2022-ին նույնքան դժվար էր, որքան
նախորդ 2 տարիներին։ Բայց դրանով հանդերձ, Newmag ընկերության ղեկավար
Արտակ Ալեքսանյանը տարին ամփոփում է զգուշավոր լավատեսությամբ։
Մեր երկրում ավելի դժվար է աշխատելը, քան չաշխատելը։ Ռիսկերն ավելի մեծ են՝ ֆինանսական, քաղաքական, մասնագիտական, բարոյական։ Գրեթե անհնար է կանխատեսել, թե ինչ կլինի, օրինակ՝ 3 ամսից, թեև պատրաստվում ենք մեր ավանդական փառատոներին ու միջոցառումներին, որոնք հստակ ժամկետներ ունեն։
Ամենամեծ ռիսկը բարոյական է կամ էթիկական. չես կարող փառատոն անցկացնել, երբ թշնամին պաշարել է Արցախը կամ մտել է Ջերմուկ (տեսականորեն, կամ որոշ դեպքերում՝ գործնականում իհարկե կարող ես, եթե լիովին կտրված ես հայաստանյան իրականությունից, կամ հակառակը, փորձում ես քո ակտիվությամբ փոքրացնել կամ երկրորդական դարձնել համազգային ողբերգության ու տագնապի ծավալը)։ Այդ պատճառով 2022-ին՝ հանրային ծանր տրամադրությունների պայմաններում, մենք միշտ հնարավորությունների պատուհաններ էինք փնտրում։
Հավատացեք՝ դժվար էր։ Newmag-ի ձմեռային փառատոնից օրեր անց սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, ամառային փառատոնից հետո տեղի ունեցավ Սուրմալուի ողբերգությունը, աշնան գրքային մեծ սեզոնից առաջ թշնամին ներխուժեց Ջերմուկ։
Այդ պատճառով 2022-ի արդյունքները շարադրելիս պետք է նկատի ունենալ. մենք արել ենք այնքան, որքան հնարավոր եղել է՝ հաշվի առնելով հենց այդ սահմանափակումները։ Հրատարակել ենք 31 անուն նոր գիրք։ Ահա ցանկը՝ ըստ ժանրերի։
- 2022-ին Newmag-ն ամենաշատը հրատարակել է գիտահանրամատչելի ժանրի գրքեր
- Իրական դասականից մինչև մեգաստղ, որ դարձան տարվա դեմքերն ու գրքահիթերը
- 2022-ին Newmag-ը ներկայացրեց գեղարվեստական 11 գիրք
Բայց նաև վերահրատարակել ենք բազմաթիվ բեսթսելլերներ, թեև դատելով մեր կայքի ու պահեստի ցուցանիշներից՝ վերահրատարակումների առումով գործը շատ է։
Newmag-ը կարողացավ անցկացնել իր ավանդական 2 երկու փառատոները․ ձմեռային փառատոնը՝ փետրվարին, ամառայինը՝ հուլիսին։ Բացի այդ, մասնակցեցինք Երևանի գրքի փառատոնին, Ֆրանկֆուրտի և Շարժայի միջազգային փառատոներին։
Այս տարի Newmag-ի հրավերով Հայաստան եկան մեր նոր գրքերի հեղինակները՝ «Ես Օրացույցն եմ» գրքի հեղինակ Անդրիս Կալնոզոլսը, «Դրվածք» գրքի հեղինակ Դեն Բիլզերյանը, «Արտաքսում» գրքի հեղինակ Աննա Աստվածատուրյան-Թերքոթը և «Իրական դասական» գրքի հեղինակ Սաթի Սպիվակովան։
Այս տարի Newmag-ը ներկայացրեց 2 նոր մատենաշար. «Մինասյան» մատենաշարը՝ 20-րդ դարի հայոց պատմության մասին, և Smart մատենաշարը՝ ՏՏ ոլորտի մասին։ Սկսեցինք ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» թարգմանական դրամաշնորհով եվրոպական լավագույն 6 վեպի արտադրությունը։ 4-ն արդեն լույս են տեսել, 2-ը՝ 2023-ին։
2022-ին ներկայացրինք ազնավուրյան 2 նոր տեսահոլովակ. «Ով» երգը՝ Սոֆի Մխեյանի կատարմամբ, «Մեռնել սիրելով» երգը՝ Սյուզան Մելքոնյանի կատարմամբ։
2023-ին լրանում է Newmag-ի հրատարակչական գործունեության 5-րդ տարին։ Ինչ որ առումով՝ ձեռքբերումային, բիզնես մոդելի առումով՝ հանգրվանային։ Իհարկե, կփորձենք 5-րդ տարին նշանավորել միջոցառումներով, որքան հնարավոր լինի։ Որովհետև հիմա, երբ լույս է տեսնում այս հոդվածը, մեր միտքն ու սիրտն Արցախում է։ Բերձոր-Լաչին միջանցքի զավթումը, մեր 120 հազար հայրենակիցների շրջափակումը երկրորդական են դարձնում և՛ մեր խնդիրները, և՛ մեր ձեռքբերումները։ Որովհետև այնտեղ՝ Արցախում, կենաց ու մահու պայքար է։
2023-ը թող խաղաղություն տարի լինի, և մենք ձեզ համար կապահովենք անմոռանալի գրքեր, հետաքրքիր հեղինակներ ու տպավորիչ միջոցառումներ։
Շնորհակալ ենք, որ այս դժվարին ու բարդ տարում էլ կարդում էիք մեր գրքերը։
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ։
Արտակ Ալեքսանյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում