ՌԴ ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի իրադրության առնչությամբ
Նմանատիպ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ։
Մտահոգությունը հնչեցրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գերատեսչության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։
Զախարովան շեշտել է, որ Ռուսական կողմը, մասնավորապես՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարությունը, շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել իրավիճակի կարգավորման համար։
Ինչպես նշվում է մեկնաբանությունում, հենց ռուս խաղաղապահները առանցքային ներդրում ունեն իրենց տեղակայման տարածքում անվտանգության ապահովման գործում, ինչի մասին այս տարի Սոչիում հոկտեմբերի 31-ին կայացած գագաթնաժողովում նշել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։
«Մեր խաղաղապահների դեմ ցանկացած հրապարակային հարձակում և սադրանք մենք համարում ենք անընդունելի և կանխամտածված գործողություններ, որոնք շոշափելի վնաս են հասցնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,- ասվում է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել Երևանին և Բաքվին անշեղորեն հետևել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր դրույթներին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Լաչինի միջանցքը պետք է օգտագործվի միայն տվյալ փաստաթղթում նշված նպատակների համար։
«Հուսով ենք, որ կողմերը համաձայնության կգան տարածաշրջանում հանքավայրերի շահագործման հետ կապված հարցում»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում