Այսօր Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է․ Ցեղակրոնության հետքերով
Նմանատիպ
Այսօր Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է։ Նժդեհը (Տեր-Հարությունյան) 20-րդ դարի հայոց պատմության ամենաառանցքային դերակատարներից մեկն է, ում շնորհիվ Սյունիքն այսօր Հայաստանի Հանրապետության մաս է կազմում։
Բացի ականավոր ռազմական ու պետական գործիչ լինելուց՝ Գարեգին Նժդեհը նաև խոշոր մտածող է, ազգային գաղափարախոս և միջազգային գործիչ։
Times.am-ը մեծ հայի ծննդյան օրվա առթիվ իր ընթերցողին է ներկայացնում Նժդեհի ստեղծած «Ցեղակրոնություն» ուսմունքի հիմնադրույթներն ու գլխավոր գաղափարական սկզբունքները։
«Ցեղակրոնություն» եզրի, ինչպես նաև գաղափարախոսության հեղինակը Գարեգին Նժդեհն է։ Նրա համար «ցեղ» հասկացությունը մարդաբանության կողմից տրված սահմանումից ավելի լայն է։ Ակնհայտ է, որ Նժդեհը «ցեղ» հասկացության մեջ դրել է շատ լայն բարոյական, փիլիսոփայական և գոյաբանական բովանդակություն։ Նժդեհյան բնորոշմամբ՝ «ցեղն ավելի հոգի է, քան՝ կավը» (այսինքն՝ նյութը), այն նախաստեղծ է և գոյություն ունի արարչագործության սկզբից։
Գարեգին Նժդեհը 1900-ականներին
Պատմական բարդ և վճռորոշ փուլում ապրած Նժդեհը փաստացի ականատես է եղել հայկականության վերջնական կործանման խիստ իրական սպառնալիքների, որոնք հաղթահարելու համար միայն զենքն ու դիվանագիտությունը բավարար չեն եղել։ Անհրաժեշտ էր բովանդակային և գաղափարական սյուն, որը կմիավորեր համայն հայությանը և ահեղ մարտահրավերներին դիմանալու ուղենիշ կդառնար։
Ցեղակրոն լինել, ըստ Նժդեհի, նշանակում է կրել անհատի մեջ ցեղը, նրա որակները, բարոյականը, կրել այն ամեն ցեղային-հայկականը, որն առկա է հայոց պատմության ողջ ընթացքում։ «Կրոն» բառի արմատը «կրել»-ն է և հայերենում կան նման կարգի այլ բառեր ևս՝ հոգեկրոն, խաչակրոն, մոլեկրոն, նյութակրոն, մաքրակրոն, խստակրոն, կուսակրոն։
Ցեղակրոնության բանաձևը հետևյալն է․
«Ես ճանաչում եմ իմ ցեղը, ես հավատում եմ իմ ցեղին,
ես պաշտում եմ իմ ցեղը, ես ցեղակրոն եմ»։
Ցեղակրոնության հիմքում ընկած են երկու հիմնարար սկզբունքներ․
- Մեր դժբախտությունների համար մեղավոր ենք նախ և առաջ մենք
- Մեզ պետք եղած ուժը պիտի փնտրենք մեր մեջ
Հայության երեք տեսակները ըստ ցեղակրոնության
Ցեղակրոնությունը հայությունը բաժանում է զգայա-գիտակցական երեք մասերի՝ ազգային-ցեղային (ցեղը), տատանվող կամ չկողմնորոշված (ժողովուրդը) և ամբոխացած, հակազգային, որին Նժդեհը տվել է «տականք» բնորոշումը։ Արդի հայությունը, ըստ ցեղակրոնության, գերազանցորեն հանդես է գալիս որպես «ժողովուրդ», այսինքն՝ հայկական որևէ հատկանիշ ունեցող մարդկանց ժողովածու։ Հայության շատ փոքր մասն է, որ իր զգայա-գիտակցական մակարդակով ու կենսաձևով նկատվում է որպես հայ «ցեղ» (ազգ)։ Հայության մի հատվածն էլ կազմում է «տականքը»։
Ցեղը հայության ընտրանին է, սերուցքը, որի գերնպատակն է իր տեսակի հավիտենականացումը Հայրենիքում։ Նա է իր մեջ կրում հայկականություն և այն փոխանցում սերունդներին։ Ցեղի համար անփոխարինելի է Հայրենիքը, նրա անկախությունը՝ թթվածնի պես անհրաժեշտ։ Ցեղն է մարտնչում ու նահատակվում հայության պատիվը փրկելիս։
Ժողովուրդը հայության չկողմնորոշված, տատանվող մասն է։ Այն ամբոխամետ է, եթե ավելի տականքի ձայնն է լսում, քան Ցեղի։ Ժողովուրդն ապրում է առօրյայով, օրվա մտածումներով, ցեղը՝ հավիտենականով, անցյալի հիշողությամբ, ապագայի հաստատուն հավատով և օրվա հարատև պայքարով միաժամանակ։
Ժողովուրդն առաջնորդվում է հատվածական, ցեղը՝ համահայկական շահերով։ Ժողովուրդը դասակարգերի, դավանանքների ու կուսակցությունների խառնամբոխ է, իսկ ցեղի մեջ չկան տիրող և հպատակ դասակարգեր, կրոնական հոսանքներ, քաղաքական ուղղություններ, այլ կան միայն հայեր։
Ժողովուրդն արդարություն և ապրելու իրավունք աղերսող է, ցեղը՝ դա նվաճող և հաստատող։ Ժողովուրդը կարող է հարմարվել իր անփառունակ վիճակին, իսկ ցեղը չի հանդուրժում ստրուկի շղթաները, նրա համար սրբագրելի են աշխարհի հայավնաս վճիռները։ Վտանգի պահերին՝ ժողովուրդը մատնվում է խառնաշփոթի ու խուճապի, իսկ ցեղը բնազդորեն գտնում է ելքը։ Նա ընդունակ չէ կանխատեսելու վտանգը, իսկ ցեղը՝ նախազգում է այն։
Ժողովուրդը մեծարում է միջակություններին, ցեղը՝ միայն իր հանճարներին։ «Ժողովուրդը դպիրներ է ծնում, իսկ ցեղը՝ մարգարեներ»։
Ժողովուրդը արժեքներ պահել ու հերոսներ գնահատել չգիտի. այսօր մեկին հերոս է դարձնում, վաղը՝ ոտնատակ անում կամ երեկվա սրբությունները ամբոխային կուրությամբ այսօր ոչնչացնում։ Ցեղն իր արժեքների հավիտենական կրողն է, իր սուրբ մեռելների պաշտամունքը հավերժացնողը։
Ժողովուրդը տառապում է անլիարժեքության բարդույթով, իսկ ցեղը համակ է հպարտանքի զգացումով և լի վճռականությամբ։ Ժողովուրդն ընդունում է օտար մշակույթն ապազգայնանալով, ցեղը ազգայնացնում է իր ընդունածը։
Տականքին բնորոշելով՝ Նժդեհը գրել է․ «Տականքը հայության ազգուրաց տարրն է, ցեղի ներքին թշնամին՝ լծված արտաքին թշնամու ռազմակառքին- անդիմագիծ՝ որպես հայ և զզվելի՝ որպես մարդ. հայության հանդեպ ոչ մի պարտականություններ չունեցող, բայց մշտապես իրավունքներից ճամարտկող։ Նա ազգային պատկանելիություն չունի և եթե խոսում է հայերեն, ապա միայն այն պատճառով, որ հաղորդակցվելու այլ ձև դեռ չի գտել։ Նյութակրոն՝ որի համար գերագույն արժեքը դրամն է։ Տականքը հայրենիք չի ճանաչում։ Դա հայության ազգորեն մեռած տարրն է, մեկընդմիշտ ամբոխացած։»
Եվ որքան հայության մեջ բարձր է ցեղի տեսակարար կշիռը, այնքան նա ապրում է ցեղորեն, այնքանով հզոր ու կենսունակ է նա՝ որպես ազգ։ Իսկ ցեղի տեսակարար կշիռը պիտի բարձրացվի ժողովրդի հաշվին՝ նրան դարձի բերելով, դեպի ցեղը կողմնորոշելով։ Եվ այդպիսով ցեղակրոնության գերխնդիրը հայ ժողովուրդ ցեղայնացնելն է։
Գարեգին Նժդեհը (կենտրոնում) և իր ջոկատը 1915թ-ին
Ցեղակրոնությունը սահմանում է 7 պաշտամունք․
- Հայրենապաշտություն
Հայրենապաշտությունը նվիրական պաշտամունքն է այն հողի, որի վրա բնականորեն առաջացել է Հայ ցեղը, որի վրա նա կերտել է իր պատմությունը և ստեղծել իր մշակույթը, որում ամփոփված են իր զավակների աճյունները և որի սիրո ու ազատության համար զոհաբերվել են մեր մեծ մեռելները։
- Արյան պաշտամունք
Ցեղակրոնության մեջ Ցեղի արյունը աստվածություն է, քանզի սրանով է նաև պայմանավորված Ցեղի հոգեմարմնական կերտվածքը։ Ցեղակրոնությունը քարոզում է պաշտամունք Ցեղի արյան նկատմամբ, որի անարատության մեջ է տեսնում մեր ցեղի ապագան։
- Լեզվի պաշտամունք
Լեզվի հարցում Ցեղակրոնությունն անզիջում է. նա հայից պահանջում է՝ հայ մարդու հետ խոսել հայերեն, հիշեցնելով, թե լեզվի մահը արագացնում է ժողովուրդների հոգևոր մահը։
- Զոհապաշտություն
Դա պաշտամունքն է մեր ցեղի սրբազան մեռելների, «որոնք առյուծ ացան իրենց արիության մեջ, աստվածացան իրենց հոյակապ նվիրումի մեջ, որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությունը և պատիվը հավիտենականացնելու համար»։
- Նախնիապաշտություն
Ցեղակրոնությունը մեծագույն վատություն է համարում հոգևոր խզումը հին ու նոր սերունդների միջև, որով խախտվում է Ցեղի երեկվա ու վաղվա օրգանական կապը։
- Ուժապաշտություն
Ցեղակրոնությունը քարոզում է ուժի՛ պաշտամունք, քանզի աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին՝ հոգով, մտքով և բազկով ուժեղներին. հաղթում է ուժեղը և ո՛չ արդարը։
- Առաջնորդապաշտություն
Ցեղակրոնության մեջ պաշտամունքի է ենթակա նաև Ցեղի ճշմարիտ առաջնորդը, որի աջն է գծում ճակատագիրն ազգերի, որին են պարտական ազգերն իրենց վերելքներն ու անկումները։ Եվ Ցեղակրոնությունը պահանջում է՝ հնազանդվելով Ցեղի կամքին՝ գիտենալ հնազանդվել նաև Ցեղի առաջնորդին, որ կրողն ու ուսուցիչն է ցեղային բարոյականի։
Նժդեհի արձանը Կապանում
Ներցեղային բարոյականը
Ըստ ցեղակրոնության, ազգային միասնության միակ գրավականը ներցեղային բարոյականով առաջնորդվելն է, երբ ազգի անդամները, երկրորդական համարելով կրոնական և քաղաքական իրենց անհատական համոզումները, միավորվում են հայ լինելու հանգամանքով։ Այդ եսամերժ բարոյականը յուրաքանչյուր հայից, որին անտարբեր չէ հայության ապագան, պահանջում է մեծագույն զոհողություն՝ հանուն հայ ցեղի և Հայաստանի գալիքի՝ զոհաբերել իր «ես»-ը։
Ցեղի պաշտամունքի և գերարժևորման պատճառով հաճախ Նժդեհի «Ցեղակրոնությունը» դասում են նացիստական գաղափարախոսությունների շարքին, ինչը մանիպուլյացիա է։ Նացիզմը սովորաբար ընդգծում է այս կամ այն ազգի, էթնոսի բացառիկությունը, գերազանցությունը այլ ժողովուրդների նկատմամբ և սահմանում է համաշխարհային տիրապետության, հեգեմոնիայի, այլ ժողովուրդների իշխելու, ինչպես նաև գերմարդու ֆենոմենը։ Ցեղակրոնությունն, ընդհակառակը, ցրված և ազգային հատկանիշները կորցրած հանրույթի համար սեփական պատմությունն ու արժեհամակարգը գնահատելու, կարևորելու, պահպանելու ուսմունք է, որն ամբողջությամբ միտված է ազգապահպանությանն ու սեփական ուժերով գոյատևելուն։ Այն իր մեջ չի պարունակում էքսպանսիոնիստական որևէ բաղադրիչ, փոխաերնը ազգապահպանության և ինքնապաշտպանության գաղափարախոսություն է՝ ինքնամաքրման և ինքնակատարելագործման ճանապարհով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում