Տիգրան Սարգսյան. «Ընտրախախտումների մեղավորները խստագույնս կպատժվեն»
Նմանատիպ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանական ընտրություններին քվեարկեց Երևանի 10/21 ընտրատեղամասում: Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը՝ կառավարության ղեկավարն ընտրելու էր եկել իր ընտանիքի՝ տիկնոջ, երեխաների և թոռնուհու հետ: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Տիգրան Սարգսյանը նշեց. «Մեր առաջին ակնկալիքն այն է, որպեսզի Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն ընտրելու իրավունք, կատարեն իրենց պարտքը: Մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որպեսզի ընտրություններն անցնեն օրինականության դաշտում, թույլ չտրվեն խախտումներ: Համոզված եմ, որ մեր նորանկախ պետության պատմության մեջ այս ընտրությունները լինելու են ամենաթափանցիկ ընտրությունները, և մեր ընտրողները գոհ են լինելու ընտրական ողջ գործընթացից»:
Վարչապետը վստահեցրեց, որ ընտրախախտումների հնարավոր դեպքերը կքննարկվեն պատկան մարմինների կողմից և մեղավորները խստագույնս կպատժվեն:
10/21 ընտրատեղամասում ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն 1925 քաղաքացիներ: Մինչ ժամը 12:00-ն այստեղ ընտրություններին մասնակցել են 200-ից ավելի քաղաքացիներ: Ինչպես նշեց Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պետրոսյանը՝ դեռևս որևէ ընտրախախտում այստեղ չի արձանագրվել, և քվեարկությունն անցնում է նորմալ հունով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում