Անտրոպոցեն․ մարդու գործունեության իրական հետքերը

Անտրոպոցեն․ մարդու գործունեության իրական հետքերը

300 հազար տարի առաջ երկրագնդի վրա հայտնվեց Հոմո սափիենսը (մարդ բանական) ՝ ժամանակակից մարդու նախահայրը։ Մոտ 12 հազար տարի առաջ մեր նախնիներն արդեն լայնորեն բնակեցրել էին բոլոր մայրցամաքները ու դարձել դոմինանտ տեսակ մոլորակը բնակեցնող բոլոր կենդանի օրգանիզմների շարքում։ Այս դարաշրջանը գիտնականները կոչում են Հոլոցեն։

Մարդու կենսագործունեությունը հաջորդ հազարամյակների ընթացքում երկրաբանական լրջագույն փոփոխություններ է առաջացրել մոլորակի վրա։ Արդյունքում շատ գիտնականներ համարում են, որ Հոլոցենի ժամանակաշրջանն ավարտվել է և սկսվել է Անտրոպոցենի դարաշրջանը, որի ժամանակ մարդկությունը դարձել է երկրագնդի վրա որոշիչ ազդեցություն թողնող գործոն։ Ընդունված է Անտրոպոցենի մեկնարկը համարել 2-րդ համաշխարհային պատերազմին հաջորդող տարիները, երբ բոլոր պետությունները թևակոխեցին տնտեսական և տեխնոլոգիական զարգացման աննախադեպ փուլ, ինչը նաև ընդունված է կոչել «մեծ արագացում» պայմանական անունով։

Գիտատեխնիկական բումն ու ծանր արդյունաբերության թռիչքաձև զարգացումը վերջին 70 տարիներին բազմաթիվ հետքեր են թողել երկրագնդի վրա, և հիմա, գիտական հանրույթը փորձում է սահմանել, թե տեխնոլոգիական որ հետքն է լավագույնս բնորոշում Անտրոպոցենի ժամանակաշրջանը Երկիր մոլորակի վրա։

Քննարկվող տարբերակներից մեկը ալյումինն է․ բնության մեջ մաքուր մետաղական ալյումինը շատ հազվադեպ հանդիպող երևույթ է։ Այն գոյություն ունի միայն չնչին քանակությամբ: Գործնականում ամբողջ ալյումինը պարունակվում է հանքաքարերի մեջ, որոնցում մետաղը միացություններ է առաջացրել այլ տարրերի հետ:

Վերջին 100 տարվա ընթացքում այդ միացություններից արդյունահանվել է մոտ կես միլիարդ տոննա մաքուր մետաղական ալյումին և օգտագործվել կաթսաներից մինչև ինքնաթիռներ պատրաստելու համար։

Չնայած որոշակի վերամշակում է տեղի ունեցել, սակայն մետաղական ալյումինը, որը մի ժամանակ այդքան հազվադեպ էր, թափոնների տեսքով տարածվել է ամբողջ աշխարհով մեկ:

Հեռավոր ապագայում ենթադրյալ այլմոլորակայինները, եթե վայրէջք կատարեն Երկրի վրա, ալյումինի հետքերով կարող են կռահել, որ ինչ-որ պահից տեխնածին պատճառներով այն տարածվել է աշխարհով մեկ։

Այնուամենայնիվ, մետաղական ալյումինի հետքը Անթրոպոցենի միակ նշանը չէ: Մեկ այլ օրինակ է պլուտոնիումը։ Բնության մեջ այն խիստ հազվադեպ հանդիպող ռադիոակտիվ տարր է, որի տարածումը համընկավ ատոմային դարաշրջանի մեկնարկի հետ: Մթնոլորտում փորձարկված միջուկային ռումբերը պլուտոնիում են տարածել, որը նկատելի քանակությամբ նստել է գետնին:

Պլուտոնիումի հետքը երկրի մակերևույթին շատ լավ նշան է Անթրոպոցենի սկզբը սահմանելու համար և հուշում է նրա ծննդյան ամսաթիվը՝ 1950-ականների սկիզբը։

Անտրոպոցենի ամենացցուն հետքը, թերևս, պլաստիկն, որը լայն տարածում գտավ 1950-ականներին և հետագա տասնամյակներին սկսեց ծածկել ամբողջ մոլորակը ահռելի տեմպերով։

Պլաստիկի հետքը տեսանելի է ամենուր՝ ջրում թե ցամաքում, անգամ Անտարկտիդայի սառույցներում կարելի է գտնել պլաստիկից տարաներ։ Հաշվի առնելով պլաստիկի քայքայման խիստ դանդաղ տեմպերը, կարելի է վստահ ասել, որ առաջիկա 700-1000 տարիների ընթացքում պլաստիկը կարող է լինել Անտրոպոցենի գլխավոր ապացույցներից մեկը։

Տասնյակ միլիոնավոր տարիներ անց, եթե մարդկությունը վերացած լինի, ապա այլ զարգացած քաղաքակրթությունները կկարողանան հայտնաբերել մարդու գործունեության արգասիքները մոլորակի վրա։

Բոլոր քաղաքներն ու շինությունները, ճանապարհները դրանից շատ առաջ փոշիացած կլինեն, բայց ապարային նստվածքների մեջ մարդու գործունեության հետքերը կպահպանվեն և ցույց կտան, որ ժամանակին մեր մոլորակի վրա իշխել է բանական մարդու քաղաքակրթությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում