Ռուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը կենսաթոշակների մասին ԱՊՀ համաձայնագրին
Նմանատիպ
2023թ-ի հունվարի 1-ից Ռուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը կենսաթոշակների մասին ԱՊՀ համաձայնագրին, որը սահմանում է ԱՊՀ անդամ պետություններում կենսաթոշակային ստաժի հաշվակման կարգը և թոշակների վճարման սկզբունքները։
Կենսաթոշակների ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին պայմանագիրը կնքվել է 1992թ.-ին։ Ռուսաստանից բացի այն ստորագրել են ևս ինը երկրներ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան։
Ըստ համաձայնագրի՝ կարևոր չէ, թե թոշակառուն վերոհիշյալ երկրներից որում է աշխատել և որտեղ է մշտապես ապրում թոշակի անցնելուց հետո։ Փաստաթղթի համաձայն՝ այդ պետությունների բնակիչների համար կենսաթոշակները նշանակվում են՝ հաշվի առնելով ԽՍՀՄ տարածքում մինչև 1992 թվականը, ինչպես նաև ԱՊՀ երկրների տարածքում 1992 թվականից ի վեր ստաժը և վաստակը:
Միաժամանակ կենսաթոշակ է վճարում անձին այն պետությունը, որտեղ նա մշտապես ապրում է, նույնիսկ եթե նա այլ քաղաքացիություն ունի։ Երկրների միջև փոխադարձ հաշվարկներ չեն իրականացվում (եթե դա նախատեսված չէ առանձին երկկողմ պայմանագրերով):
Մինչև 2023թ-ի հունվարի 1-ը հիշատակված ինը պետություններից ՌԴ տեղափոխված միգրանտները թոշակ էին ստանում այնպես, կարծես նրանք ամբողջ ընթացքում ապրել և աշխատել էին Ռուսաստանի Դաշնությունում։
Սակայն համաձայնագիրը կնքելուց 30 տարի անց Ռուսաստանի իշխանությունները որոշել են, որ Մոսկվան անհիմն գումարներ է ծախսում այս պայմանագրի պատճառով։
Նշենք, որ որոշումը ոչ մի կերպ չի ազդի գործող թոշակառուների վրա․ նոր օրենքը վերաբերելու է միայն այն ընդունվելու պահից հետո կենսաթոշակի անցնող քաղաքացիների կարգավիճակին։
Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) և Տաջիկստանին, ապա Ռուսաստանն այս երկրների հետ ունի բազմակողմանի համաձայնություն կենսաթոշակները համամասնության սկզբունքով վճարելու մասին։ Սա նշանակում է, որ պետությունները համաձայնություն ունեն վճարելու քաղաքացու կենսաթոշակը ըստ նրա աշխատանքային ստաժի աշխարհագրության․ յուրաքանչյուր պետություն վճարում է կենսաթոշակի այն մասը, որը համապատասխանում է իր տարածքում տվյալ քաղացու աշխատած ժամանակահատվածին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում