Ա. Մուսինյան. «Ընտրակաշառքի դեպքերը կքննվեն նաեւ միասնական շտաբի կողմից»

Այսօր էլեկտրոնային լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից տարածած ընտրակաշառքների մասին: Առաջինը հայտարարություն տարածեց պատգամավորության թեկնածու Գոհար Վեզիրյանի պաշտոնական կայք-էջը: Ըստ այս տեղեկատվության Էրեբունի փողոցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Լյովա Խաչատրյանի կողմնակիցներն ընտրողներին 10.000-ական դրամ են բաժանում:

Սրան հետեւեցին այլ տեղեկություններ եւս: Ոստիկանությունը կաշառք բաժանողներին բերման ենթարկեց:

«Ցանկացած ընտրակեղծիք, որ տեղի է ունենում, անպայման պիտի քննվի, ուսումնասիրվի ոստիկանության կողմից», Times.am-ի հետ զրույցում նշեց Հայ Ազգային Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը: Ի դեպ, առաջին հեռախոսազրույցի ժամանակ լսելով հարցը` Մուսինյանը խնդրեց մի քիչ ուշ զանգել, որպեսզի ինքը կարողանա ծանոթանալ տվյալ թեմայով նյութերին:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք մեծամասնական շտաբը որեւէ արձագանք կտա դեպքերին, Մուսինյանն ասաց. «Հիմա ես նայեցի, ու տեսա, որ ընտրակաշառքների մասին ինչ-որ տեղեկություններ կան: Միասնական շտաբը եւս կքննի դեպքերը», նշեց ՀԱԿ խոսնակը: Իսկ կլինի՞ որեւէ հայտարարություն, թե ոչ, Մուսինյանը չպատասխանեց, ասելով, որ շտաբի մասին հայտարարություններ անելն իր իրավասության մեջ չի: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում