Պայմանների խելացի հարմարեցում՝ հաշմանդամություն ունեցողների համար. հունվարի 1-ից գործում է նոր կարգ
Նմանատիպ
Կառավարության կողմից հաստատված խելամիտ հարմարեցումների տրամադրման մասին կարգն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից:
Ըստ կարգի` բոլոր այն հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք կլինեն ուսանող կամ աշխատող, կարող են պահանջել խելամիտ հարմարեցումներ կրթական հաստատությունում, աշխատավայրում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ նպատակ ունեն ապահովել համապատասխան պայմաններ, որ անձն, անկախ հաշմանդամության տեսակից, կարողանա հավասարապես իրականացնել թե՛ ուսումնական, թե՛ աշխատանքային իր գործառույթները:
«Ի՞նչ է պահանջվում հաշմանդամություն ունեցող անձից: Եթե խոսում ենք ուսումնական հաստատությունների մասին, ապա ընդունվողը կամ արդեն սովորող անձն, ունենալով որոշակի կարիքներ, կարող է դիմում ներկայացնել հաստատության ղեկավարին՝ նշելով, որ ունի պայմանների խելամիտ հարմարեցման անհրաժեշտություն: Եվ նա պետք է ներկայացնի, թե ինչպես է դա պատկերացնում: Նույն տիպի դիմումով հաշմանդամություն ունեցող անձը նաև կարող է դիմել գործատուներին: Գործատուն և ուսումնական հաստատությունը պարտավոր են ապահովել պայմանների խելամիտ հարմարեցում: Նոր կարգավորումները պարտադիր են գործատուների ու ուսումնական հաստատությունների ղեկավարների համար»,-մեկնաբանել է նախարարության մասնագետը:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար պայմանները հարմարեցնելու գործընթացում գործատուներն ու ուսումնական հաստատությունները միայնակ չեն: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստ է տրամադրել մասնագիտական խորհրդատվություն տվյալ հարմարեցումները ապահովելու համար:
«Ի՞նչ ենք հասկանում խելամիտ հարմարեցումներ ասելով: Պարզ է, որ խելամիտ հարմարեցումները պետք է լինեն տրամաբանության սահմաններում: Օրինակ, թեքահարթակ, սեղանի համապատասխան բարձրություն, մուտքի ապահովում, աշխատավայրում, ուսումնական հաստատությունում շարժի անարգել ապահովում, սանհանգույցի պայմանների ապահովում և այլն»,-ասել է Քրիստինա Հովհաննիսյանը:
Եթե գործատուն կամ ուսումնական հաստատության ղեկավարը մերժում է խելամիտ հարմարեցումներ ապահովելու հարցը, ապա այդ մերժումը պետք է լինի հիմնավորված: Եթե մերժումն անգործության հետևանք է, գործատուն կամ ուսումնական հաստատության ղեկավարը ոչինչ չի ձեռնարկում, ապա դա կդիտարկվի վեճ և կլուծվի օրենքով սահմանված կարգով, դատարանով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում