Միջազգային և տարածաշրջանային կարևոր զարգացումները Times․am-ի դիտակետից

Նմանատիպ
Times.am-ը ներկայացնում է տարածաշրջանային և միջազգային վերջին կարևոր իրադարձությունները։ Ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում.
ԱՄՆ պետքարտուղարը կզանգի Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքնենը նախատեսում է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։
Նեդ Փրայսը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր գործընկերների հետ շարունակում է ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը։ «ԱՄՆ-ը շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը: Մենք շարունակում ենք ներգրավված մնալ երկկողմանիորեն, համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։
Դիվանագիտական սկանդալ Իրանի և Ադրբեջանի միջև
Նախօրեին հայտնի է դարձել, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Սաիդ Աբբաս Մուսավին հետ է կանչվել Թեհրան՝ խորհրդակցությունների։ Սա տեղի է ունեցել Ադրբեջանի հետ հարաբերությունների լարման նոր փուլում։ Իրանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Թեհրան մեկնելուց անմիջապես հետո դեսպանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրան ներկայացրել ադրբեջանա-իրանական հարաբերություններում առկա խնդիրների իր տեսլականը։
Հատկանշական է, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածության այս նոր ալիքին նախորդել է երկու երկրների արտգործնախարարների՝ դեկտեմբերի 31-ին կայացած հեռախոսազրույցը։ Բանը նրանում է, որ թե՛ Բաքուն և թե՛ Թեհրանը դրական էին գնահատել հիշատակված հեռախոսազրուցի արդյունքները։ Սակայն դրանից անմիջապես հետո իրանական կողմը նոր զորավարժություններ է սկսել, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում։
Իրանի «հայամետ» դիրքորոշմամբ անհանգստացած են նաև Թուրքիայիում։ «Մենք մտահոգված ենք իրանական որոշ հայանպաստ հայտարարություններով, մենք դա քննարկում ենք նաև իրանական կողմի հետ»,- նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։ Վերջինս նաև հայտարարել է, որ Իրանի նախագահը մոտ ապագայում կայցելի Թուրքիա։
Էրդողանը կրկին փորձում է միջնորդի դեր ստանձնել ռուս-ուկրաինական պատերազմում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախատեսում է հեռախոսազրույցներ ունենալ ռուս և ուկրաինացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի խոսքով ՝ Էրդողանը մտադիր է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերը։
Տեղեկությունը, որ Պուտինը պլանավորում է զրուցել Էրդողանի հետ, հաստատել է նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ըստ երկու կողմերի տեղեկությունների՝ այդ հեռախոսազրույցները պետք է կայանային նախօրեին՝ հունվարի 4-ին, սակայն մինչ այս պահը դրանց արդյունքների մասին տեղեկություններ չկան։
Հունվարի 1-ին Քալինը հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է դիվանագիտական միջոցներով Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը։ Նա նշել է, որ Անկարան Կիևին օգնություն է ցուցաբերում բազմաթիվ ուղղություններով, սակայն չի դադարեցնում Մոսկվայի հետ համագործակցությունը, քանի որ դա համապատասխանում է Թուրքիայի ազգային շահերին։
100 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում չեն կարողանում Կոնգրեսի խոսնակ ընտրել
ԱՄՆ-ում իր կարևորությամբ 2-րդ քաղաքական պաշտոնի՝ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի պաշտոնում առաջադրված հանրապետական Քևին Մաքքարթին կրկին չի կարողացել հավաքել անհրաժեշտ թվով ձայներ։ Վերջին 100 տարվա մեջ սա առաջին դեպքն է, երբ Կոնգրեսի ստորին պալատը չի կարողանում նախագահ ընտրել։
Նշենք, որ սա արդեն 6-րդ փորձն էր, երբ Կոնգրեսի ստորին պալատը փորձում էր խոսնակ ընտրել։ Չորեքշաբթի ներկայացուցիչների պալատը կատարեց իր չորրորդ, հինգերորդ և վեցերորդ փորձը, և ամեն անգամ արմատական հանրապետականների խումբը հրաժարվում է աջակցել իր կուսակիցին:
20 հանրապետականներ, չնայած նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հորդորին, չքվեարկեցին Մաքքարթիի օգտին, ևս մեկ կոնգրեսական ձեռնպահ մնաց։ Հատկանշական է, որ Ներկայացուցիչների պալատում կա 222 հանրապետական կոնգրեսմեն, իսկ հաղթելու համար Մաքքարթիին անհրաժեշտ է առնվազն 218 ձայն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում