Միջազգային և տարածաշրջանային կարևոր զարգացումները Times․am-ի դիտակետից

Միջազգային և տարածաշրջանային կարևոր զարգացումները Times․am-ի դիտակետից

Times.am-ը ներկայացնում է տարածաշրջանային և միջազգային վերջին կարևոր իրադարձությունները։ Ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում.

ԱՄՆ պետքարտուղարը կզանգի Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքնենը նախատեսում է հեռախոսազրույցներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։

Նեդ Փրայսը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր գործընկերների հետ շարունակում է ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը։ «ԱՄՆ-ը շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը: Մենք շարունակում ենք ներգրավված մնալ երկկողմանիորեն, համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։

Դիվանագիտական սկանդալ Իրանի և Ադրբեջանի միջև

Նախօրեին հայտնի է դարձել, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Սաիդ Աբբաս Մուսավին հետ է կանչվել Թեհրան՝ խորհրդակցությունների։ Սա տեղի է ունեցել Ադրբեջանի հետ հարաբերությունների լարման նոր փուլում։ Իրանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Թեհրան մեկնելուց անմիջապես հետո դեսպանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրան ներկայացրել ադրբեջանա-իրանական հարաբերություններում առկա խնդիրների իր տեսլականը։

Հատկանշական է, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածության այս նոր ալիքին նախորդել է երկու երկրների արտգործնախարարների՝ դեկտեմբերի 31-ին կայացած հեռախոսազրույցը։ Բանը նրանում է, որ թե՛ Բաքուն և թե՛ Թեհրանը դրական էին գնահատել հիշատակված հեռախոսազրուցի արդյունքները։ Սակայն դրանից անմիջապես հետո իրանական կողմը նոր զորավարժություններ է սկսել, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում։

Իրանի «հայամետ» դիրքորոշմամբ անհանգստացած են նաև Թուրքիայիում։ «Մենք մտահոգված ենք իրանական որոշ հայանպաստ հայտարարություններով, մենք դա քննարկում ենք նաև իրանական կողմի հետ»,- նախօրեին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։ Վերջինս նաև հայտարարել է, որ Իրանի նախագահը մոտ ապագայում կայցելի Թուրքիա։

Էրդողանը կրկին փորձում է միջնորդի դեր ստանձնել ռուս-ուկրաինական պատերազմում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախատեսում է հեռախոսազրույցներ ունենալ ռուս և ուկրաինացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի խոսքով ՝ Էրդողանը մտադիր է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ քննարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերը։

Տեղեկությունը, որ Պուտինը պլանավորում է զրուցել Էրդողանի հետ, հաստատել է նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Ըստ երկու կողմերի տեղեկությունների՝ այդ հեռախոսազրույցները պետք է կայանային նախօրեին՝ հունվարի 4-ին, սակայն մինչ այս պահը դրանց արդյունքների մասին տեղեկություններ չկան։

Հունվարի 1-ին Քալինը հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է դիվանագիտական միջոցներով Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը։ Նա նշել է, որ Անկարան Կիևին օգնություն է ցուցաբերում բազմաթիվ ուղղություններով, սակայն չի դադարեցնում Մոսկվայի հետ համագործակցությունը, քանի որ դա համապատասխանում է Թուրքիայի ազգային շահերին։

100 տարվա մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում չեն կարողանում Կոնգրեսի խոսնակ ընտրել

ԱՄՆ-ում իր կարևորությամբ 2-րդ քաղաքական պաշտոնի՝ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի պաշտոնում առաջադրված հանրապետական ​​Քևին Մաքքարթին կրկին չի կարողացել հավաքել անհրաժեշտ թվով ձայներ։ Վերջին 100 տարվա մեջ սա առաջին դեպքն է, երբ Կոնգրեսի ստորին պալատը չի կարողանում նախագահ ընտրել։

Նշենք, որ սա արդեն 6-րդ փորձն էր, երբ Կոնգրեսի ստորին պալատը փորձում էր խոսնակ ընտրել։  Չորեքշաբթի ներկայացուցիչների պալատը կատարեց իր չորրորդ, հինգերորդ և վեցերորդ փորձը, և ամեն անգամ արմատական ​​հանրապետականների խումբը հրաժարվում է աջակցել իր կուսակիցին:

20 հանրապետականներ, չնայած նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հորդորին, չքվեարկեցին Մաքքարթիի օգտին, ևս մեկ կոնգրեսական ձեռնպահ մնաց։ Հատկանշական է, որ Ներկայացուցիչների պալատում կա 222 հանրապետական կոնգրեսմեն, իսկ հաղթելու համար Մաքքարթիին անհրաժեշտ է առնվազն 218 ձայն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում