«Դարի հանցանքը»․ Զինծառայողները հափշտակել են զորամասին հատկացված դիզվառելիքը
Նմանատիպ
Պաշտպանության նախարարության N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով հափշտակել է 236 հազար 169 դրամ արժողությամբ դիզելային վառելիք:
Մասնավորապես՝ պարզվել է, որ N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի պաշտոնակատար Ս.Թ.-ն ռազմականացված ջոկի հրաձիգ Ա.Գ.-ից վերցրել է 80 հազար դրամ:
Այնուհետև պարտքը մարելու, ինչպես նաև 1 լիտրը 400 դրամով Ա.Գ.-ին հավելյալ դիզելային վառելիք վաճառելու նպատակով 2022 թվականի մայիսի 18-ին վերջինիս հետ ձեռք է բերել զորամասի վառելիքը յուրացման եղանակով հափշտակելու և այն իրացնելու պայմանավորվածություն:
Հակակոռուպցիոն դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 19-ի դատավճռով N զորամասի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պետի պաշտոնակատար Ս.Թ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրվող արարքում. նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով (800 հազար դրամ): Մեղսագրվող արարքում մեղավոր է ճանաչվել նաև ռազմականացված ջոկի հրաձիգ Ա.Գ.-ն. նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է հանրային աշխատանքը՝ 200 ժամ տևողությամբ:
Հսկող դատախազը միջնորդել է Պաշտպանության նախարարությանը դիտարկել հիշյալ զինծառայողների հետագա ծառայության շարունակության նպատակահարմարությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում