Այսօր Սուրբ Ծնունդ է
Նմանատիպ
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծննդյան տոնը։ Ըստ Անանիա Շիրակացու՝ Քրիստոսի Ծննդյան և Հայտնության տոնը բոլոր տոների սկիզբն ու հիմքն է:
Սակայն, ինչպես գիտենք, քրիստոնյա աշխարհը Փրկչի ծննդյան տոնը նշելու ամսաթվի հարցում միաբան չէ․ Հռոմեական կաթոլիկ և բողոքական եկեղեցիները ավանդաբար Սուրբ ծնունդը տոնում են դեկտեմբերի 25-ին, Ուղղափառ եկեղեցիների մեծամասնությունը, ինչպես օրինակ՝ ռուսական, ուկրաինական, բելառուսական, մոլդովական, սերբական, մակեդոնական և այլն, նշում են հունվարի 7-ին, և միայն Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի ծնունդը նշում է հունվարի 6-ին։
Ո՞րն է, այս դեպքում, տարբերությունը, ե՞րբ է իրականում ծնվել Հիսուս Քրիստոսը։
Հայտնի է, որ Քրիստոսի ծննդյան օրվա մասին որևէ ստույգ տեղեկություն չկա, և ոչ էլ այդ մասին արձանագրված է Ավետարաններում: Սակայն հարկ է նշել, որ բոլոր քիստոնեական եկեղեցիները մինչև 4-րդ դարը Քրիստոսի ծնունդը նշել են հունվարի 6-ին:
4-րդ դարում՝ 336 թվականին, Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր։ Այս փոփոխության էական պատճառներից մեկն այն էր, որ հեթանոսական շրջանից մնացած Արև աստծո տոնակատարությունը տեղի էր ունենում դեկտեմբերի 21-31-ը, իսկ առավել հանդիսավորությամբ` դեկտեմբերի 25-ին, որ Միթրայի` արևի աստծո ծննդյան օրն էր: Այդ օրը հեթանոսները նշում էին Արևի ծննդյան օրը, այսինքն` լույսի հաղթանակը խավարի նկատմամբ:
Հեթանոսական այս տոնին Հռոմի քրիստոնյաները հակադրեցին ճշմարիտ Լույսի, Արդարության Արևի` Քրիստոսի ծննդյան տոնը: Մի շարք ուսումնասիրողներ կարծում են, որ Հռոմի եկեղեցու որոշումը`Քրիստոսի ծնունդը դեկտեմբերի 25-ին տոնելու վերաբերյալ քաղաքական քայլ է եղել` ժողովրդի միջից հին ավանդույթները արմատախիլ անելու և դրանք նորով փոխարինելու նպատակով:
Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության և Մկրտության օր։ Հայ Եկեղեցին էր միայն, որ հավատարիմ մնաց Սբ. Ծնունդը եւ Մկրտությունը հունվարի 6-ին տոնելու հնամենի ավանդույթին`հաստատված Հայ Եկեղեցու աստվածաբանների տոմարական հաշվարկներով ու աստվածաբանական հիմնավորումներով:
Ինչ վերաբերում է Ուղղափառ եկեղեցիների կողմից Սուրբ ծնունդը հունվարի 7-ին նշելու պատճառին, ապա դա պայմանավորված է հին և նոր տոմարների տարբերությամբ․ այստեղ հունվարի 6-ը դարձել է 7։
Հետևեք մեզ նաև Telegram-ում