5-րդ գումարման ԱԺ ընտրությունների քվեարկությունն ավարտված է. Առաջին արդյունքները կլինեն 00:00-ից սկսած

Քիչ առաջ ավարտվել է Հայաստանում 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը: Օրենքով սահմանված կարգով՝ ժամը 20:00-ին փակվել են 41 ընտրատարածքների 1982 ընտրատեղամասերը:

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած վերջին տվյալների` ժամը 17:00-ի դրությամբ խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրենց քաղաքացիական պարտքն են կատարել 1 մլն 300 հազար 117 ՀՀ քաղաքացիներ, կամ ընտրողների 50. 54%-ը:

Ըստ ԿԸՀ կանոնակարգի՝ մայիսի 7-ին ժամը 00։00-ից սկսած կսկսվեն հրապարակվել ընտրությունների նախնական արդյունքները։ Մինչ այդ, ժամը 20.30-ին էքզիթ փոլի (exit poll) նախնական արդյունքներով հանդես կգա Gallup International Association ընկերությունը։

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցում են համամասնական ընտրակարգով առաջադրված 8 կուսակցություններ` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, «Ժառանգություն», «Հայաստանի Դեմոկրատական», «Հայաստանի Կոմունիստական», «Միավորված հայեր» կուսակցություններն ու կուսակցությունների մեկ դաշինք` ՀԱԿ: Մեծամասնական ընտրակարգով պայքարում են պատգամավորի 138 թեկնածու:  

Ազգային ժողովի ընտրություններին հետևել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդներ: Տեղական հասարակական կազմակերպություններից դիտորդական առաքելություն անցկացրեցին 54 կազմակերպություններ` ընդհանուր թվով 31451 դիտորդ: Միջազգային կազմակերպություններից հայաստանյան ընտրություններին հետևել են նաև շուրջ 647 միջազգային դիտորդներ` 11 միջազգային կազմակերպություններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում