Ուկրաինայում սուրբծննդյան հրադադար չի լինի․ միջազգային ամփոփ լրահոս
Նմանատիպ
Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։
Իրանը չի ընդունի ներկայիս սահմանների որևէ փոփոխություն
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի միջազգային հարցերով ավագ խորհրդականը վերահաստատել է Թեհրանի բացահայտ դեմ լինելը տարածաշրջանի քաղաքական աշխարհագրության ցանկացած փոփոխության:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունի ներկայիս սահմանների որևէ փոփոխություն։ Անկասկած, տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանվի»։
Այդ մասին Ալի Աքբար Վելայաթին ասել է Թեհրանում Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Սերգեյ Նիկոլաևիչ Բաբուրինի հետ հանդիպմանը:
Էրդողանի հեռախոսազրույցները Պուտինի և Զելենսկու հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի իր գործընկերների հետ։ Զրույցի հիմնական թեման ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման քաղաքական լուծումներ գտնելն է։ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ լուրջ երկխոսության՝ Կիևի կողմից Ռուսաստանի «հայտնի պահանջների կատարման և տարածքային նոր իրողությունները հաշվի առնելու պարագայում»։ Վլադիմիր Պուտինը նշել է նաև ուկրաինական ճգնաժամի հաղթահարման գործում Արևմուտքի բացասական դերը։
Զելենսկու հետ զրույցի ընթացքում Էրդողանն անդրադարձել է հացահատիկային միջանցքի շուրջ զարգացումներին, Թուրքիայի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական և էներգետիկ աջակցությանը։
Ուկրաինայում սուրբծննդյան հրադադար չի լինի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հունվարի 6-ի 12։00-ից մինչ հունվարի 7-ի 24։00-ն Ուկրաինայի հետ ռազմական բախումների գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմ հաստատել։
Մինչ այդ նման կոչով է հանդես եկել նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը՝ հաշվի առնելով Սուրբ Ծննդյան տոները։
Ուկրաինական կողմը սակայն անընդունելի է համարել հրադադար հայտարարելու Ռուսաստանի առաջարկը՝ նշելով, որ հրադադար կարող է լինել միայն Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանն այդկերպ փորձում է ժամանակ շահել՝ «Ուկրաինայի և Եվրոպայի դեմ նոր հարձակում սկսելու համար»։
Վաղաժամ նախագահական ընտրություններ Թուրքիայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին հաստատել է, որ այս տարվա հունիսին սպասվող նախագահական ընտրությունները կարող են շատ ավելի վաղ անցկացվել։ Այդ մասին ավելի վաղ հայտարարել էին նաև Թուրքիայի իշխող ուժի ներկայացուցիչները։ Վերջիններս այդ որոշումը բացատրում են այն հանգամանքով, որ ամռան ամիսներին Թուրքիայի շատ քաղաքացիներ երկրից դուրս են գնում և չեն կարող մասնակցել ընտրություններին։ Թուրքական ընդդիմությունը, սակայն, վստահ է, որ ընտրությունների ժամկետների տեղափոխումով, Էրդողանի վարչակազմը պարզապես փորձում է լրացուցիչ ճնշում գործադրել ընդդիմության վրա և իր համար հարմար պայմաններում ընտրություններ կազմակերպել։
Ռազմական աջակցություն Ուկրաինային
ԱՄՆ և Գերմանիայի ղեկավարները որոշել են շարունակել ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Ինչպես հայտնում են Սպիտակ Տնից, Ջո Բայդենն ու Օլաֆ Շոլցը որոշել են հետևակի ռազմական մեքենաներ, ինչպես նաև Patriot զենիթա-հրթիռային համալիրներ տրամադրել Ուկրաինային։ Բացի այդ, երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս ֆինանսապես աջակցել Կիևին։
Նախօրեին համացանցում տարածվել են Ուկրաինայի համար նախատեսված թուրքական արտադրության BMC Kirpi զրահապատ մեքենաների՝ Ռումինիայում նկարահանված կադրեր։ Միջազգային մամուլն ու փորձագետներն այդ կապացկությամբ հատկանշական են համարել այն փաստը, որ մի կողմից Թուրքիան փորձում է որպես միջնորդ հանդես գալ Մոսկվայի և Կիևի միջև, մյուս կողմից՝ զինում Ուկրաինային։
Հետևեք մեզ նաև Telegram-ում