Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան պաշտպանում են Բաքվի կոռումպացված բռնապետին․ Byline Times
Նմանատիպ
Աշխարհաքաղաքական սուր հակասություններ ունեցող Ռուսաստանն ու Մեծ Բրիտանիան ձեռք ձեռքի տված տապալեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանին դատապարտող բանաձևը։ Սա բնավ չի նշանակում, թե Լոնդոնն ու Մոսկվան հաշտվել են, ուղղակի երկուսին էլ ձեռնտու է, որ Իլհամ Ալիևի կոռումպացված բռնապետական ռեժիմը Ադրբեջանում մնա իշխանության ղեկին։
Այս մասին գրում է բրիտանական Byline Times պարբերականը՝ անդրադառնալով արդեն 27 օր տևող Արցախի շրջափակմանը։
Շրջափակելով Լաչինի միջանցքը՝ Ալիևը ևս մեկ անգամ ազդարարում է, որ ձգտում է ամբողջական վերահսկողության մի տարածքի նկատմամբ, որը հայերը համարում են իրենց ժառանգության, կրոնի, մշակույթի և պատմական ինքնության մաս։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը բրիտանական պարբերականին պատմել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին․
«Քսանչորս օր մենք այս շրջափակման մեջ ենք: Արդեն հիմնական սննդամթերքի, ապրանքների պակաս կա», – նշել է Վարդանյանը՝ պատմելով, որ ինքը նույնպես այն 5000 արցախցիների շարքում է, որոնք այս Սուրբ Ծնունդին ընտանիքից բաժանված են.
«Կյանքումս առաջին անգամ Սուրբ Ծնունդին ընտանիքիցս անջատ եմ։ Ըստ էության, մենք Ադրբեջանի պատանդն ենք, քանի դեռ փակ է ճանապարհը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում