Այսօր կկայանա ՌԴ նորընտիր նախագահ Վլ.Պուտինի երդմնակալության արարողությունը

Այսօր կկայանա Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը: Նշենք, որ այն արդեն երրորդը կլինի Վլ.Պուտինի համար: 59-ամյա նախագահը կփոխարինի ՌԴ երրորդ նախագահ, 46-ամյան Դմիտրի Մեդվեդևին, հաղորդում է «Росбалт» գործաալությունը:

Նախագահի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Կրեմլի պալատում: Այն կսկսվի ուղիղ կեսօրին և կտևի մոտ 40 րոպե:

Երդման արաողությունն ուղիղ եթերով կցուցադրվի ռուսական 6 հեռուստաալիքներով («Առաջին», «Россия-1», «ТВ Центр», «Россия-24», «НТВ» և «Пятый канал»).

Երդմնակալության արարողությանը հետևելու համար Կրեմլը հյուրընկալելու է 2000 հոգու` այդ թվում բարձրաստճան պաշտոնյաներ, գեներալներ, հոգևորականներ, մշակույթի, գիտության, սպորտի գործիչներ:

Հիշեցնենք, որ Պուտինը վստահորեն հաղթանակ տարավ մարտի 4-ին կայացած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 63.6 տոկոսը: 2008թ.-ի ՌԴ Սահմանադրության մեջ արված փոփոխությունների համաձայն՝ Վլ.Պուտինը կզբաղեցնի նախագահի պաշտոնը ոչ թե 4, այլ 6 տարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում