Ուկրաինայում հակամարտող կողմերն ունեն 100 հազարական զոհ․ Foreign Affairs

Նմանատիպ
ԱՄՆ հետախուզությունը հրապարակել է գնահատականներ, համաձայն որոնց՝ ռուս-ուկրաինական պատերազմի ամբողջ ընթացքում կողմերի կորուստները հաշշվում է 100․000 մարդ յուրաքանչյուր կողմից։ Նշվում է, որ և՛ ուկրաինացիները, և՛ ռուսները անդառնալիորեն կորցրել են տանկային և հետևակային գումարտակների նախնական անձնակազմի մոտ կեսը: Սա և՛ Կիևի, և՛ Մոսկվայի համար մարտական հզորության լուրջ նվազում է։
Ռուս-ուկրաինական պատերազմի մասին այսպիսի ընթացիկ գնահատական է տվել ամերիկյան հեղինակավոր Foreign Affairs պարբերականը՝ նշելով, որ 2022թ-ի հուլիսին բազմաթիվ հիմար ու պարզունակ սխալներ գործելուց հետո ռուսական բանակը սկսել է գործել ավելի պրագմատիկ և խելացի։
«Ռուսաստանի զինված ուժերը, ներգրավելով սակավաթիվ ստորաբաժանումներ, ունենում են անհամաչափ բարձր արդյունավետություն։ Ռուսական բանակը շարքից հանում է ուկրաինական էլեկտրացանցերը՝ դրանով իսկ զրկելով Ուկրաինայի զինված ուժերին ՀՕՊ համակարգեր օգտագործելու, վերահսկելու և հետախուզական տվյալների հավաքագրման հնարավորությունից։
Ռուսական ռազմավարական պլանավորումը վերջապես սկսում է արդյունք տալ. Պահեստազորի մասնակի մոբիլիզացիան, որը հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին, ուժեղացրել է ռուսական ուժերը ռազմաճակատում։ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի դեմ օդային հրթիռային հարվածների արշավը, որը սկսվել է հոկտեմբերին, ստիպում է Կիևին և նրա դաշնակիցներին ռեսուրսները ուղղել երկրի քաղաքային բնակչության պաշտպանությանը: Իսկ նոյեմբերին Խերսոնից ռուսական զորքերի դուրսբերումը կործանումից փրկեց ռուսական մարտունակ ստորաբաժանումները և ազատեց նրանց այլ վայրերում գործողությունների համար»:
Ըստ պարբերականի՝ հուլիսին ձևավորվել էր տեսակետ, թե ուկրաինական ռազմական հակամարտությունը փակուղի է մտել։ Բայց հաշվի առնելով Խերսոնում Ուկրաինայի հետագա հաջողությունները և Խարկովի շրջակայքի որոշ տարածքների վերագրավումը, այդ գնահատականը սկսեց թվալ վաղաժամ: Այնուամենայնիվ, նշվում է, որ Ուկրաինան այս հաջողություններին հասել է այն ժամանակ, երբ Ռուսաստանի ուժերը սպառված էին, իսկ ռազմական ղեկավարությունը գործում էր խիստ անարդյունավետ:
Ըստ պարբերականի՝ սա մաշեցնող պատերազմ է, որում հաղթանակը կողմերից որևէ մեկին տրվելու է շատ թանկ գնով։ Ուկրաինան և նրա կողմնակիցները, հավանաբար, հույս ունեն, որ Ռուսաստանը խելքի կգա և պարզապես կհրաժարվի ռազմական գործողությունները շարունակելուց, սակայն նման արդյունքը չափազանց անհավանական է թվում:
Նրանք կարող են հույս ունենալ, որ Ռուսաստանի կփլուզվի ռազմաճակատում կամ ներսից, բայց այս սցենարներից որևէ մեկի հավանականությունը նույնպես շատ փոքր է։
«Եթե Կրեմլը կարողանա գործել ողջամիտ ռազմական որոշումների հիման վրա, ապա մեկ տարում արևմտյան հետախուզական ծառայությունները կարող են հաշվել ևս 50․000-ից 100․000 լրացուցիչ զոհ յուրաքանչյուր կողմից, իսկ արևմտյան օրենսդիրները կարող են քննարկել Ուկրաինային ևս 100 միլիարդ դոլար օգնություն տրամադրելու նախագիծը: Առայժմ դիվանագիտական ճանապարհով այս սցենարը փոխելու քիչ հնարավորություն կա, քանի որ երկու կողմերն էլ քաղաքականապես շատ են ներգրավված այս ռազմական հակամարտությունում: Բոլորը կարծում են, որ հաղթանակը հնարավոր է, իսկ պարտությունը՝ աներևակայելի։
Եթե ԱՄՆ-ը միայն ցանկանա, կարող է դիվանագիտական ռազմավարություն մշակել՝ նվազեցնելու մաքսիմալիստական մտածողության մակարդակը թե՛ Ուկրաինայում, թե՛ Ռուսաստանում։ Սակայն մինչ օրս Վաշինգտոնը քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ»,-ասվում է հոդվածում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում