Գարեթ Բեյլն ավարտում է ֆուտբոլային կարիերան

Գարեթ Բեյլն ավարտում է ֆուտբոլային կարիերան

Ուելսի հավաքականի հարձակվող և լավագույն ռմբարկու Գարեթ Բեյլը հայտարարել է ֆուտբոլի ակումբային և միջազգային կարիերան ավարտելու որոշման մասին։

Նա այդ մասին գրառում է կատարել իր սոցիալական էջերում։

«Երկար և լուրջ մտածելուց հետո ես որոշում եմ կայացրել, որ այս պահից և ընդմիշտ թողնում եմ իմ ակումբն ու միջազգային ֆուտբոլը։ Ես ինձ համարում եմ անհավանական երջանիկ մարդ, քանի որ հնարավորություն եմ ունեցել զբաղվել մի սպորտաձևով, որը պաշտում եմ»,-գրել է Բեյլն իր երկար ուղերձում, որտեղ անդրադարձել է իր 17 տարվա ֆուտբոլային տպավորիչ կարիերայի բազմաթիվ դրվագների։

Գարեթ Բեյլն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 111 հանդիպում և խփել է 41 գոլ՝ դառնալով Ուելսի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։

Բեյլի դերը Ուելսի հավաքականի հաջողություններում անգնահատելի է․ նրա փայլուն խաղի և առաջնորդության շնորհիվ 58 տարի սպասելուց հետո Ուելսը վերջապես կարողացավ որակավորվել 2016-ի և 2020 թվականների Եվրոպայի առաջնություններին: 2022թ-ի ամռանն էլ,  հաղթելով Ուկրաինայի հավաքականին, ուելսցիները, որոնց համար Բեյլը դարձավ իսկական բախտավոր թալիսման, վերջապես կարողացան մասնակցել Կատարում կայացած աշխարհի առաջնությանը։

Սակայն Բեյլի ֆուտբոլային աստղը իրապես փայլել է ակումբային կարիերայի ժամանակ․ 2013 թվականի սեպտեմբերին ռեկորդային 100 մլն․ եվրոյով երիտասարդ Գարեթ Բեյլը տեղափոխվեց «Մադրիդի Ռեալ»՝ սահմանելով տրանսֆերային արժեքի համաշխարհային ռեկորդ։

2013-14թթ-ի մրցաշրջանում Բեյլը  Copa del Rey-ի եզրափակիչում՝ «Բարսելոնայի» դեմ խաղում, խփեց ֆուտբոլի պատմության ամենահայտնի գոլերից մեկը, որը «Մադրիդի Ռեալի» համար դարձավ հաղթական։ 

Ընդհանուր առմամբ «Մադրիդի Ռեալում» անցկացրած 8 տարիների ընթացքում Գարեթ Բեյլը 5 անգամ նվաճել է Չեմպիոնների Լիգայի գավաթը՝ խփելով 106 գնդակ։

Բացի Մադրիդի Ռեալից՝ Գարեթ Բեյլը հանդես է եկել նաև «Սաութեմթոնում», «Տոտենհեմում» և «Լոս Անջելեսում»։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում