Մամուլն այսօր. Մանդատների փոփոխության և հնարավոր նոր նշանակումների մասին

Հետընտրական զարգացումներ.

«Հրապարակ»-ի հաղորդմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը որպես այլընտրանքային լուծման տարբերակ` առաջարկել է, որ ցուցակի առաջին եռյակը` ինքը, Խաչատուր Քոքոբելյանը և Ալիկ Արզումանյանը, հրաժարվեն իրենց մանդատներից, որպեսզի իրենց փոխարեն խորհրդարան գնան Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, ինչպես նաև «Ազատ դեմոկրատների» փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Րաֆֆի Հովհաննիսյաննառաջարկը հիմնավորել է մոտավորապես հետևյալ կերպ, որ անցած հինգ տարիների փորձը ցույց տվեց, որ ինքը հազվադեպ է հաճախել խորհրդարան և տարվա կեսն արտերկրներում գործուղման է մեկնել, հետևաբար օրենսդիր գործունեության տեսանկյունից առավել նպատակահարմար կլինի, որ իրեն փոխարինեն առավել պարտաճանաչ անձինք: Ապա նաև Քոքոբելյանին է փորձել համոզել, որ նա էլ օրենք գրող չէ, իսկ Փոստանջյանի մասով նկատել է, թե վերջինս մշտապես փողոցներում է պայքարել և դրա համար պարտադիր չէ խորհրդարան մտնել: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը սվիններով են ընդունել: Թե ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Քոքոբելյանն է անհամաձայնություն հայտնել, թե Զարուհի Փոստանջյանը: Վերջինս առաջարկել է, որ մանդատից հրաժարվի կուսակցության փոխնախագահը` 5-րդ տեղը զբաղեցնող Ռուբեն Հակոբյանը, նշելով, որ ինքն անցած հինգ տարիների ընթացքում շատ ավելի մեծ ներդրում է ունեցել կուսակցության համար, քան Հակոբյանը: Սակայն եթե անգամ Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվի այս անձանց համոզել, մի ուրիշ խնդիր էլ կա` ոչ մի երաշխիք չկա, որ մինչև Ստյոպա Սաֆարյան կամ Անահիտ Բախշյան մյուս անունները հոժարակամ ինքնաբացարկ կներկայացնեն: Հետևաբար միակ ելքը նախ բոլորից ինքնաբացարկի դիմումներ ստանալն է: Ի դեպ, թերթի աղբյուրը չի բացառել նաև, որ համաձայնության չգալու դեպքում հունիսի 2-ի համագումարում հնարավոր է Րաֆֆի Հովհաննիսյանը և նոր վարչությունն ընդունեն մի փաստաթուղթ, որ միասնական դաշինքն ըստ էության չի տվել սպասված արդյունքը, և որոշում կայացնեն միայն «Ժառանգության» անդամներով խորհրդարան մտնելու մասին: Ի դեպ, հարկ է նշել, որ հանրային սպեկտորի ներկայացուցիչների` Թևան Պողոսյանի և Իզաբելլա Աբգարյանի մանդատ ստանալու հարցն իսպառ փակված է, և նրանցից ոչ մեկը խորհրդարան չի անցնի:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` առաջիկա օրերին սպասվում է «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության բյուրոյի արտահերթ ժողով, որի ընթացքում կքննարկվեն կուսակցության առաջիկա անելիքներն ու կադրային հարցերը: Համենայնդեպս, հատկապես մերձավոր արևելքի երկրներում ՀՅԴ կառույցներից դժգոհությունը մեծ է, ինչը տեղի դաշնակցականներին հանգեցրել է այն մտքին, որ պետք է արտահերթ ժողով հրավիրել ու քննարկել առկա իրավիճակը: Թերթի աղբյուրները չեն բացառում, որ հնարավոր է` բյուրոյի անդամների փոփոխություն տեղի ունենա: Թերթը նշում է, որ ՀՅԴ բյուրոն կուսակցության ղեկավար մարմինն է: Թերթը փորձել է լուրը ճշտել ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանից, որն ասել է. «Նման նիստեր անցկացվում են որոշակի պարբերականությամբ`տարեկան 3-4 անգամ, ևս մեկն էլ նախատեսված է անցկացնել առաջիկայում»: Վարդանյանը, սակայն, հերքել է ՀՅԴ բյուրոյի վերնախավի փոփոխությունը` հայտարարելով, թե նման հարց չի քննարկվում:

Հնարավոր նշանակումների մասին.

«Երկիր» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն այս շաբաթվա վերջին հանդես կգան հայտարարությամբ: Նրանք, իհարկե, որոշակի համաձայնություններ ձեռք բերելու են, բայց, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, չի բացառվում, որ համաձայնությունը արտահայտված լինի ոչ թե կոալիցիոն հուշագրի, այլ համաձայնագրի տեսքով: ԲՀԿ-ն կառավարությունում ունենալու է պորտֆելներ:

Թերթին հասած լուրերի համաձայն` հնարավոր է, որ ԲՀԿ-ին տրվի Սփյուռքի նախարարության քվոտան, և այն, ամենայն հավանականաթյամբ, կղեկավարի ինքնաբացարկ հայտնած Արամ Սաֆարյանը: Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պահպանելու են իրենց տեղերը:

Նոր կառավարությունում սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանին չի բացառվում, որ փոխարինի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը: Որ Պետրոսյանը պաշտոնանկ է արվելու, դա հստակ է: Գալստյանին այդ պաշտոնում նշանակելու որոշումը, սակայն, վերջնական չէ:

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երեկվանից կայքերում ակտիվորեն լուրեր են շրջում այն մասին, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշանակվելու է կապի և տրանսպորտի նախարար: Սույն տեղեկությունը, սակայն, պաշտոնապես դեռեևս չի հաստատվում: Հանրապետականները ևս այս օրերին աշխատում են չշփվել լրագրողների հետ` մինչև ամեն ինչ վերջնականապես հստակ կդառնա: Թերթը հիշեցնում է, որ մինչև մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները՝ ՀՀԿ շրջանակներում խոսվում էր, որ Գագիկ Բեգլարյանը նշանակվելու է փոխվարչապետ: Մինչև ընտրությունները տեղեկություններ կային, որ գործադիրում պաշտոն կստանա նաև Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Աբրահամյանը` Արա Աբրահամյանի եղբայրը: Մինչ այսօր, սակայն, պաշտոնապես չի ասվում նաև, թե նա ինչ պաշտոն է ստանձնելու:

«Հրապարակ»-ը գրում է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ով թեև ընդգրկված էր ԲՀԿ ցուցակի 14-րդ տեղում, սակայն հայտնի է, որ այս ընտրությունների արդյունքում պատգամավորի մանդատ չի ստանալու: Նա ինքնաբացարկի դիմում է գրել: Տարբեր վարկածներ կային, թե ինչու է Գագիկ Ծառուկյանն այդպիսի որոշում կայացրել: Ընդհուպ, ասում էին, որ Սաֆարյանն ինչ-որ առիթով հայտարարել է, թե «օլիգարխը չի կարող ընդդիմություն լինել», և դա է եղել նրանից հրաժարվելու պատճառը: Սակայն երեկ թերթը տեղեկացել է, որ Արամ Սաֆարյանն անգործ չի մնա և գուցե ավելի լավ ճակատագրի կարժանանա, քան Աժ պատգամավորությունն է. նա կարող է նշանակվել Ուկրաինայում Հայաստանի դեսպան: Հայտնի է, որ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը վաղուց ցանկություն ունի ազատել իր զբաղեցրած պաշտոնը, և նրան փոխարինող են փնտրում: Արամ Սաֆարյանը դիվանագիտական աշխատանքի մի փոքր փորձ ունի` աշխատել է Իրանի դեսպանատանը, եղել է ԱԳՆ արարողակարգի ծառայության ղեկավարը, այնպես որ կարող է զբաղեցնել այդ բարձր և պատասխանատու պաշտոնը:

Զարմանազան.

«Առավոտ»-ը գրում է, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների օրը տեղամասերից մեկում զավեշտալի պատմություն է եղել: Առավոտյան արդեն, երբ մյուս տեղամասերում սկսվեցին ընտրողների անձնագրերից անհետացող թանաբի պատմությունները, մի տեղամասում էլ հանձնաժողովի նախագահը «հայտնաբերում» է, որ իրենց մոտ կնիքն ընդհանրապես հետք էլ չի թողնում: Այդ իրավիճակից շփոթված և իրեն կորցրած հանձնաժողովի նախագահն անմիջապես ահազանգում է ԿԸՀ: Այնտեղից հեռախոսով ցուցումներ են տալիս` կնիքը. թանաքը թափահարելու մասին և այլն, բայց միևնույն է` ոչինչ չի ստացվում: Միջադեպն «արձանագրող» վստահված անձանցից մեկը շատ հանգիստ դիմում է իրեն կորցրած հանձնաժողովի նախագահին. «Տիկին, կնիքի բերանը բացեք»:

«Ժողովուրդ»
թերթի հաղորդմամբ՝ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանը, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, հաճախ է այցելում Սերժ Սարգսյանին` նախագահական նստավայր: Ասում են` Շուշանը հետաքրքիր զրուցակից է, և նրանք բավականին երկար զրուցում են, ինչը երբեմն հարուցում է նախագահական նստավայրի աշխատակիցների դժգոհությունը: Նրանք չեն կարողանում իրենց հուզող հարցերի վերաբերյալ իմանալ Սերժ Սարգսյանի տեսակետը: «Ժողովուրդ»-ը փորձել է Շուշան Պետրոսյանից պարզել, թե ինչ են այդքան հաճախ քննարկում Սերժ Սարգսյանի հետ: «Վայ, իսկապե՞ս: Չէ, շատ հաճախ չենք հանդիպում, վերջին անգամ հանդիպել եմ իմ համերգի ժամանակ և ՀՀԿ-ի շենքում ընտրությունների հաջորդ օրը, երբ ասացին, որ մենք մեծամասնություն ենք կազմում»,- պատասխանել է Շուշանը:

«Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար, քաղաքագետ Դավիթ Բաբայանը նշել է. «Երևի ժամանակ է պետք, որպեսզի ադրբեջանցիները հասկանան, որ ռազմական կամ ուժային ճանապարհով հնարավոր չէ հասնել հարցի կարգավորման, և արմատապես փոխեն իրենց վերաբերմունքը։ Չնայած սա էլ է հիպոթետիկ ինչ-որ մի բան, որովհետև իրական կյանքը մի քիչ այլ է՝ կան տարբեր շահեր, խմբավորումներ, որոնք մրցում են, և այդ մրցակցությանը դիմանալու լավագույն խաղաքարտը, դժբախտաբար, հայատյաց քաղաքականությունն է և ռազմատենչ հռետորաբանությունը։ Բացի դրանից, պետք է հասկանալ, որ Ադրբեջանն ինքը լուրջ խնդիրներ ունի՝ կապված ազգային փոքրամասնությունների հետ։ Այդ առումով՝ Ադրբեջանի միլիտարիզացիան այսօրվա դրությամբ այլընտրանք չունի։ Ի վերջո, այդ պետության տարածքի մոտավորապես կեսը կազմում են փոքրամասնությունները, և եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ վերջիններս ոտքի կանգնեն, այդ զենքը շուռ կգա նրանց դեմ։ Սա է այն իրավիճակը, որ ունենք, և միջազգային հանրությունը պետք է մտածի՝ ինչ անել, որպեսզի իրավիճակը չապակայունանա և դուրս չգա վերահսկողությունից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում