Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» բառ չկա, ես այն հետո եմ ներառել աշխարհաքաղաքական լեքսիկոնի մեջ․ Ալիև

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» բառ չկա, ես այն հետո եմ ներառել աշխարհաքաղաքական լեքսիկոնի մեջ․ Ալիև

Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին զուգահեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել երկրի գլխավոր հեռուստաընկերություններին։

Ալիևն անդրադարձել է բազմաբնույթ հարցերի, այդ թվում՝ Հայաստանի հետ փոխհարաբերություններին։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ թեև պատերազմն ավարտվել է, սակայն պայքարը դեռ շարունակվում է․

«Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք, որովհետև մեր ռազմական և քաղաքական հզորությունը, այդ թվում՝ տնտեսական անկախությունը, թույլ են տալիս բազմապատկել մեր կարողությունները։ Մեզ անհաժեշտ է էլ ավելի ամրապնդել 2-րդ պատերազմից (2-րդ արցախյան պատերազմ, խմբ․) հետո մեր դիրքերը։ Այս երկու տարիների ընթացքում մեզ հաջողվել է ստանալ այն ամենը, ինչ մեզ պետք էր»,-ասել է Ալիևը։

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին ոչինչ չկա նշված՝ Ալիևն ասել է.

«Ճիշտ է, այնտեղ «Զանգեզուրի միջանցք» բառ չկա, որովհետև, ինչպես ասում են, դրանից հետո «Զանգեզուրի միջանցք» տերմինը ներառեցի աշխարհաքաղաքական լեքսիկոնում։ Սակայն այնտեղ հստակ նշված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային կապ, և Հայաստանը պետք է դա ապահովի: Մեզ համար սա ռազմավարական նախագիծ է և ոչ միայն մեզ, այլ մի քանի հարևան երկրների և մեծ աշխարհագրության համար»:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներին՝ Ալիևը նշել է, որ դրա շուրջ Ադրբեջանի առաջարկը «որոշ ժամանակ սեղանին կլինի»։

«Հետագայում մենք ակտիվ չենք լինելու։ Նրանք (Հայաստանը, խմբ․)սահմանազատում չեն ուզում, ինչը նշանակում է, որ սահմանն անցնելու է այնտեղ, որտեղ մենք հարմար ենք համարում։ Ես ստիպված եմ նման տերմիններ կիրառել։ Սահմանը սահմանազատված չէ, իսկ ո՞վ ասաց, որ այն անցնում է այնտեղով և ոչ այստեղով։ Ես կարծում եմ, որ սահմանն այստեղով է անցնում, դրա համար պատճառներ ունեմ՝ պատմական և քարտեզագրական։ Ուստի դա ավելի շատ բխում է նրանց (Հայաստանի) շահերից, քան մեր շահերից»,- ասել է Իլհամ Ալիևը

«Դե, եթե չկա հաշտության պայմանագիր, ուրեմն կարիք չկա: Մենք այսպես երկար կարող ենք ապրել։ Ի՞նչ է լինելու հետո՝ ժամանակը ցույց կտա: Ուստի կարծում եմ, որ նրանք կլսեն իմ ուղերձները և ճիշտ եզրակացություն կանեն։ ․․․ Ես պարզապես պետք է նորից բարձրաձայնեմ, որ այս տարի կլինի վերջին հնարավորությունը: Հետո կլինի 2024 թվականը, այնուհետև Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն ավարտվում է 2025 թվականին։ Նրանք պետք է իրենց քթից մի փոքր հեռու մտածեն»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև 44-օրյա պատերազմից հետո հաշմանդամ դարձած ադրբեջանցի զինծառայողնրի թիվ է հնչեցրել՝ նշելով, որ պրոթեզավորվել է 379 հոգի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում