2023–ից աշխատողների հարկերի փոփոխություններն ուժի մեջ են մտել
Նմանատիպ
2019 թվականին ընդունված հարկային փոփոխությունների համաձայն՝ 2023 թվականին եկամտային հարկի դրույքաչափը նվազել է ևս մեկ տոկոսով և կազմել 20%, միևնույն ժամանակ ավելացել է պարտադիր կուտակային ֆոնդերին վճարվելիք գումարները (սոցվճարը)։
«Գաղտնիք չի, որ այդ ֆոնդերն ունեն անհայտ ապագա և չկան պետական երաշխիքներ, որ այդ գումարները կվերադառնան։ Այս լուծումը բովանդակային իմաստով սխալ էր։ 2018-ի իշխանափոխությունից հետո այս կառավարությունը կուտակային ֆոնդերին վճարվելիք գումարները դարձրել էր 2,5-7,5 տոկոս, համապատասխանաբար՝ ֆիզիկական անձանց և պետության կողմից վճարվելիք չափաբաժինների։ Հիմա կուտակային գանձումների իմաստով վերադարձել ենք 2018 թվականի սկիզբ, իսկ եկամտային հարկը նվազել է, այն տեղափոխվելով սպառման դաշտ։ Սա նշանակում է, որ հարկը աղբյուրի մոտ հավաքագրվելու փոխարեն վճարում են սպառողները»,– NEWS.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։
Հայաստանում գործում է եկամտահարկի համահարթ համակարգ, այսինքն՝ բարձր, միջին և ցածր եկամուտ ունեցող աշխատողները հարկվում են նույն դրույքաչափով։ Սա ըստ՝ տնտեսագետի, առաջացրել է բյուջեի մուտքերի նվազում։
Հարկային փոփոխություններով պայմանավորված՝ այս տարվա հունվարի 1–ից բարձրացել են ծխախոտի, ալկոհոլի և այլ ապրանքների հարկերի դրույքաչափերը։
«Օղու ակցիզային հարկը մեկ լիտրի համար 2640 դրամից դարձել է 3430 դրամ, 3 տոկոսով ավելացել են գարեջրի, կոնյակի, սեղմված գազի, դիզելային վառելիքի, քսայուղերի և մի շարք այլ ապրանքային խմբերին պատկանող ապրանքատեսակների հարկերը։ Ավելացել է նաև ծխախոտի ակցիզային հարկը՝ մեկ հատիկ գլանակի վրա մոտ 2 դրամ, տուփը՝ 40 դրամ։ Ակցիզային հարկը նաև ավելացված արժեքի հարկման բազա է, այսինքն այս ամբողջին պետք է ավելացնել 20 տոկոս ԱԱՀ։ Պրոգրեսիվ հարկման փոխարեն կոշտ ռեգրեսիվ հարկման համակարգը բերել է հարուստների ավելի հարստացման, իսկ նույն հարկման համակարգի ներդրման պարագայում՝ աղքատների էլ ավելի աղքատացման»,– նշել է տնտեսագետը։
Նշենք, որ 2019 թվականին ընդունված հարկային փոփոխությունների համաձայն՝ աշխատողների եկամտային հարկը մինչև 2023 թվականն աստիճանաբար իջնելու էր՝ հասնելով 20%-ի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում