Թերթերն այսօր. Ի՞նչ կոալիցիոն պատկեր կլինի խորհրդարանում և արդյո՞ք Կոնսերվատորիայի շենքը կվաճառվի

Հետընտրական զարգացումներ.

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի տարածած հայտարարությունից այդպես էլ չի հասկացվում` ԲՀԿ-ն պատրա՞ստ է ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագիր ստորագրել, թե` ոչ: Իշխանական շրջանակներում երեկվանից տեղեկություններ են պտտվում, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև ստորագրվելու է ոչ թե կոալիցիոն հուշագիր, այլ, թերևս, համագործակցության համաձայնագիր: Ամեն դեպքում այսօր, ինչպես տեղեկացրել է թերթը, տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որը վարելու է Սերժ Սարգսյանը, և որի ժամանակ էլ, ինչպես սպասում են իշխանական շրջանակներում, այս հարցը կհստակեցվի: Սպասվում է, որ այսօր հայտնի կդառնա նաև, թե ովքեր են լինելու ապագա ԱԺ նախագահը և վարչապետը, ովքեր են ՀՀԿ ցուցակով խորհրդարան անցնելու, և ապագա կառավարությունում ով` ինչ պաշտոն կարող է զբաղեցնել: Ենթադրվում է, որ ՀՀԿ գործադիր նիստից առաջ հանդիպելու են Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը:

«ՀԺ»-ն նաև նշում է, որ Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն, նորընտիր Աժ առաջին նիստը պետք է վարի տարիքով ամենամեծ պատգամավորը: Թե կոնկրետ ով կարժանանա նման պատվի, դժվար է ասել, բայց որ դա կլինի հանրապետական, ակնհայտ է:

Հենց ՀՀԿ համամասնական ցուցակում են պատգամավորի ամենատարեց թեկնածուները: Ըստ այդմ, Աժ առաջին նիստը կարող է վարել 82-ամյա Մուրադ Մուրադյանը, որը ԽՍՀՄ տարիներին եղել է Գյումրիի, Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, Կենտկոմի քարտուղար, իսկ այժմ ՀՀԿ համամասնական ցուցակի 42-րդ համարն է: Հաջորդ ամենատարեցը ԳԱԱ նախագահ, 76-ամյա Ռադիկ Մարտիրոսյանն է, որը ՀՀԿ ցուցակի 52-րդ համարն է: Նա, սակայն, դժվար թե թողնի ԳԱԱ նախագահի պաշտոնը: Եթե Մարտիրոսյանն ու Մուրադյանը ԱԺ չմտնեն, տարեցի կարգավիճակում կարող են հայտնվել Խոսրով Հարությունյանն ու Գալուստ Սահակյանը. երկուսն էլ 1948թ.-ին են ծնվել: Այս երկուսից տարիքով մեծ են Կ. Շահգալդյանը, Ե. Զախարյանը, Հ. Հարությունյանը, Վ. Կարախանյանը, բայց առայժմ հայտնի չէ, թե նրանցից ով կհայտնվի ԱԺ-ում:

«Երկիր» օրաթերթն իր հերթին նշում է, որ չնայած նրան, որ մամուլում վերջին օրերին շատ էր շրջանառվում այն լուրը, թե ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը նշանակվելու է կրթության և գիտության նախարար, սակայն թերթին հայտնի է դարձել, որ վերջինս գործադիրում իրեն չի պատկերացնում: Թերթի տեղեկություններով, նա ամենայն հավանականությամբ, դառնալու է Ազգային Ժողովի փոխնախագահ: Որոշ տեղեկությունների համաձայն, Զոհրաբյանն արդեն իսկ հարցը քննարկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ`ստանալով վերջինիս համաձայնությունը:

«168 ժամը» գրում է. «Շարունակում են տեղեկություններ շրջանառվել այն մասին, որ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, հրաժարվելու է պատգամավորական մանդատից, ինչի արդյունքում սպասվում են փոփոխություններ նաև համամասնական ցուցակում»: 

Թերթի տեղեկություններով, Ր. Հովհաննիսյանը դեռևս հապաղում է հայտարարել ինքնաբացարկի մասին, քանի որ այդ կուսակցության ներսում դեռևս թեժ բանավեճ է ընթանում այն հարցի շուրջ, թե ում է բաժին հասնելու Ր. Հովհաննիսյանի մանդատը` համամասնական ցուցակի հաջորդ` 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Թևան Պողոսյանի՞ն, թե՞ ցուցակի ոչ անցողիկ տեղերում գտնվող Ստեփան Սաֆարյանին, Անահիտ Բախշյանին կամ Արմեն Մարտիրոսյանին: …Ինչ վերաբերում է 2013-ի նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելու հնարավորությանը, ապա այդ հարցում, ըստ թերթի տեղեկությունների, հստակություն կմտցվի նրա ամերիկյան այցից հետո: 

«Ժառանգության» փոխնախագահ Ռ. Հակոբյանը թերթի հետ զրույցում ասել է, որ թեև ոչինչ չի բացառում, սակայն իրենց մոտ առայժմ նշված հարցերը չեն քննարկվում, իսկ մամուլում շրջանառվող տեղեկությունները Հակոբյանը արհեստածին է որակել:

Ի՞նչ կոալիցիա կկազմվի նոր խորհրդարանում.

«Ժողովուրդը» գրում է, թե ՀՀ նախագահի նստավայրում երեկ տեղի է ունեցել հերթական գիշերային նիստը: Թերթի լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, քննարկվել են ՀՀ ապագա կառավարության կազմը, կոալիցիոն համաձայնագրի տեքստը։ Որպես պլան «բ»՝ քննարկվել է նաև կոալիցիա չկազմելու դեպքում ձևավորվելիք կառավարության կազմը, ինչը քիչ հավանական է, որ իրականություն դառնա։ … Ըստ համաձայնագրի նախնական տարբերակի՝ ՕԵԿ-ն ունենալու է երկու նախարարություն՝ ՀՀ արտակարգ իրավիճակների ու գյուղատնտեսության, և մի քանի փոխնախարարի ու փոխմարզպետների պորտֆելներ։ ԲՀԿ-ին 4-ի փոխարեն տրվելու են 5 նախարարական և 3 մարզպետի պորտֆելներ. ՀՀ առողջապահության, քաղաքաշինության, սոցիալական ապահովության, սպորտի և երիտասարդության ու մշակույթի նախարարությունները։ Վայոց Ձորում կշարունակի պաշտոնավարել Սերգեյ Բագրատյանը, Կոտայքում, ըստ թերթի տեղեկությունների, ԱԺ պատգամավոր Մխիթար Հարությունյանը, իսկ Գեղարքունիքի հարցը դեռ լուծված չէ։ Մնացած նախարարությունները ղեկավարելու են ՀՀԿ-ականները՝ մի երկու պորտֆել էլ բաժին հանելով անկուսակցականների։ …Առանձնանալու են նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարի և փոխվարչապետի պարտականությունները (փոխվարչապետի հարցը վերջնականապես լուծված չէ)։ 

Ըստ նախնական տարբերակի՝ Հայաստանում ձևավորվելու է մի նոր նախարարություն՝ ներքին գործերի, որը պիտի գործի ոստիկանության կազմից դուրս՝ իր մեջ ներառելով արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Եթե ստացվի, այս պաշտոնը կտրվի Արմեն Երիցյանին։ Ըստ նախնական տարբերակի՝ հաջորդ կառավարության կազմում իրենց պաշտոնները կպահպանեն ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Գորիկ Հակոբյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։ 

Իսկ ՀՀԿ ընտրացուցակի ինքնաբացարկ հայտնած պատգամավորների ցանկը դեռ ամբողջական չէ։ Ըստ թերթի` այն, ինչպես նաև կառավարության ամբողջական ցանկը քննարկման կներկայացվի այսօր՝ ժամը 20:00-ին՝ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում։

«168 ժամ» թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ի հետ հնարավոր կոալիցիա կազմելու պատճառով ԲՀԿ-ում դժգոհությունը մեծանում է:

Թերթը հիշեցնում է, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե ինքը ձևական կոալիցիայի պատասխանատվության տակ չի մտնի: Թերթն արդեն տեղեկացրել էր, որ ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը նույնպես դեմ է կոալիցիա կազմելուն: Թերթի տեղեկություններով, իրականում ԲՀԿ-ում դժգոհողների քանակն ավելի մեծ է, և Վ.Օսկանյանը մտածում է ԱԺ-ում առանձին թիմ ձևավորելու մասին ու այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ է տանում: Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների, Վ.Օսկանյանի ու Գ.Արսենյանի կարծիքը կիսում են նաև ԲՀԿ համամասնական ցուցակի 7-րդ, 9-րդ և 11-րդ հորիզոնականները զբաղեցնող Վահե Հովհաննիսյանը, Հմայակ Հովհաննիսյանը և Էլինար Վարդանյանը: Եվ չի բացառվում, որ կոալիցիա կազմելու դեպքում ԲՀԿ-ի նշված 5 անդամները դուրս գան ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, բայց մանդատները վայր չդնեն: Այս հարցերի շուրջ երեկ թերթի թղթակցին չի հաջողվել մեկնաբանություն ստանալ ԲՀԿ-ից, քանի որ այս օրերին բոլորն անորոշության մեջ են և զերծ են մնում մեկնաբանություններից: Տեղեկություններ կան, սակայն, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խմբակցության հնարավոր պառակտումը կանխելու համար նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններում առաջարկել է Վ.Օսկանյանին ԱԺ նախագահ նշանակել: Ասում են, որ Օսկանյանն` ինքն, իրականում դեմ չէ այդ տարբերակին:

«Հրապարակ»-ը գրում է, որ Սերժ Սարգսյանը մտադիր է առաջիկայում իր մոտ հրավիրել խորհրդարան անցած չորս կուսակցությունների ներկայացուցիչներին` ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ և «Ժառանգություն», բացառությամբ ՀԱԿ-ի, և նրանց համագործակցության առաջարկ անել: Այդ համագործակցությունը կարող է լինել ինչպես կառավարության ձևավորման մակարդակով, այնպես էլ խորհրդարանում: Սարգսյանը հասկացրել է, որ ինքն ակնկալում է լսել նրանց տեսակետները համագործակցության ձևաչափի և ոլորտների վերաբերյալ, և դրանք հաշվի առնելով` որոշում կկայացվի, թե ինչպիսի կառուցվածք կունենան կառավարությունը և խորհրդարանը:

«Նման վերաբերմունքը գոհունակությամբ է ընկալվում ՀՀԿ-ականների կողմից, ովքեր համարում են, որ իրենք այնպիսի հաղթանակ են տարել, որ մյուս կուսակցությունները հիմա պետք է ընկնեն իրենց հետևից և կոալիցիա կազմելու հնարավորություն հայցեն և ոչ թե հակառակը»,- եզրակացնում է թերթը:

Զարմանազան.

«Երկիր» օրաթերթի փոխանցմամբ՝ ընտրարշավի ժամանակ ՕԵԿ-ի բաժանած բջջային հեռախոսները լուրջ գլխացավանք են դարձել բջջային օպերատորների համար: «Վիվասելի» աշխատակիցներից մեկն օրերս «Երկիր»-ին դժգոհում էր, թե «օրը 10-15 չաշխատող հեռախոս են բերում»: Բոլորն էլ ավելորդ չեն համարել աշխատակցին տեղեկացնել, որ հեռախոսները բաժանել է ՕԵԿ-ը, որը, «փաստորեն, փորձել ա քցի մեզ»:

Ըստ թերթի աղբյուրի այնպես չէ, որ ՕԵԿ-ի բաժանած բջջայինների տերերը «դարդոտած էին»: «Մենք քվիթ ենք, իրանք ինձ փչացած հեռախոս են տվել, ես էլ իրանց օգտին չեմ քվեարկել»,- ասել է խաբված հեռախոսատերերից մեկը:

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ կառավարությունը մտադիր է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքը վաճառել: Ամենայն հավանականությամբ, ուսումնական այդ հաստատության տեղում վեր կխոյանա հերթական էլիտար բազմաբնակարան շենքը կամ որևէ հյուրանոցային համալիր: Ըստ թերթի տեղեկությունների` իշխանությունը որոշել է Կոնսերվատորիան միացնել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանին: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է Կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանի հետ, որն ասել է, որ իրենք ևս նման լուրեր լսել են: Իսկ Կոնսերվատորիայի դասախոս, երգչուհի Աննա Մայիլյանը թերթի հետ զրույցում վրդովված նշել է, թե ինքը դեմ է, որ Կոնսերվատորիան միացնեն մեկ այլ բուհի. «Ես դեմ եմ տեղափոխմանը, սա մշակութային շենք է, այն պատմություն ունի, և չպետք է քանդել մեկ օրում: Տեղյակ չեմ` ինչի համար են ուզում տեղափոխել, բայց Կոնսերվատորիան ունի ավանդույթներ, և նման բան ոչ մի երկրի պրակտիկայում չկա`քանդել երկրի մշակույթը»: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում