Օբամայի ադմինիստրացիայի առաջարկը մերժվել է. Արցախին ցուցաբերվող օգնությունն աճել է 150%-ով
Նմանատիպ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ գործադրված ջանքերի շնորհիվ Արցախին ցուցաբերվող օգնությունն ավելացվել է 150 տոկոսով, պահպանվել է Հայաստանին տրամադրվող աջակցության չափը, առաջնահերթություն է դարձվել օգնությունը Ջավախքին և պահպանվել ռազմական օգնության հավասարությունը Երևանի և Բաքվի միջև, տեղեկացնում է «Tert.am»-ը՝ հղում անելով «Asbarez» կայքին:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտասահմանյան օգնության հանձնաժողովը մի շարք դրույթներ է ընդունել, որոնք նպաստում են ԱՄՆ-ի շահերի և ամերիկյան արժեքների տարածմանը Կովկասում՝ առաջարկելով կտրուկ ավելացված օգնություն Լեռնային Ղարաբաղին՝ 2 մլն-ից 5 մլն ԱՄՆ դոլարի չափով, և մերժելով Օբամայի ադմինիստրացիայի՝ Հայաստանին 7,2 մլն դոլար օգնությունից զրկելու առաջարկը, հայտնել է Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն (ԱՀԱԿ):
Պալատի Պետական արտասահմանյան գործողությունների տրամադրման ենթաբաժինը նաև ռազմական օգնության հավասարություն է պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և կոչ է արել ադմինիստրացիային թիրախային օգնության ռազմավարություն ձևավորել Վրաստանի հայաբնակ Ջավախք շրջանի նկատմամբ: Այս առաջարկի շուրջ քվեարկությունը տեղի է ունենալու վաղը:
ԱՀԱԿ-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս առիթով ասել է. «Կալիֆորնիայի և ամբողջ Ամերիկայի ամերիկահայերը շնորհակալություն են հայտնում կոնգրեսական Ադամ Շիֆին, որը ակտիվորեն գլխավորել է այս կենսական արտասահմանյան օգնության առաջնահերթությունների ընդունումը՝ իր սկզբունքային, կանխարգելիչ և համառ առաջնորդության համար»:
Այս օգնության կարևորությունը ընդգծվում է նրանով, որ ընդհանուր արտասահմանյան օգնության բազմամիլիարդ կրճատումների ֆոնին Արցախին տրամադրվելիք օգնությունը ավելի, քան կրկնապատկվել է: Հայաստանին ցուցաբերվելիք օգնությունը չի նվազել 40 մլնից՝ չնայած Օբամայի ադմինիստրացիայի առաջարկած 7,5 մլն կրճատմանը:
Արտասահմանյան ռազմական ֆինանսավորման առումով հավասարություն է հաստատվել Ադրբեջանին և Հայաստանին տրամադրվող օգնության չափի առումով՝ 2,7 մլն դոլար, և 600 000-ական դոլար էլ՝ Ռազմական կրթության և ուսուցման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում