Աղմկահարույց մահապատիժ Իրանում և այլ միջազգային իրադարձություններ Times-ի ամփոփ տեղեկագրում
Նմանատիպ
Times.am-ն առաջարկում է ծանոթանալ տարածաշրջանային և միջազգային կարևոր իրադարձություններին։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։
Ուկրաինայում պատերազմող ռուսական զորքերը նոր հրամանատար ունեն
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայում ռուսական միացյալ զորախմբի հրամանատար է նշանակվել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
Համապատասխան հրամանագիրը նախօրեին ստորագրել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նախկին հրամանատար գեներալ Սերգեյ Սուրովիկինը կլինի նրա երեք տեղակալներից մեկը։
Մահապատժի աղմկահարույց վճիռ Իրանում
Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալի-Ռեզա Աքբարին մահապատժի է դատապարտվել բրիտանական հետախուզական ծառայությունների օգտին լրտեսության մեղադրանքով:
Ըստ Իրանի տեղեկատվության նախարարության հաղորդագրության՝ Աքբարին բրիտանական հետախուզության հետ համագործակցությունը սկսել է Իրանում գտնվող այդ երկրի դեսպանատանը վիզա ստանալու համար դիմում ներկայացնելուց հետո։ Նախկին փոխնախարարը նաև Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիրն է։ Ըստ իրանական հետախուզության տվյալների՝ նրան հասանելի են եղել Իրանի որոշ գաղտնի տվյալներ, որոնք Իրանում ձեռք բերված այլ տեղեկությունների հետ միասին Աքբարին պարբերաբար փոխանցել է բրիտանական հետախուզական ծառայություններին:
Իսրայելի նախագահը Էրդողանին հրավիրել է այցելել իր երկիր
Իսրայելի նախագահ Յիցհակ Հերցոգն իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է այցելել հրեական պետություն։ Երուսաղեմում Թուրքիայի նոր դեսպան Շաքիր Օզքան Թորունլարի հավատարմագրերն ընդունելիս Հերցոգը մասնավորապես ասել է։
«Նախագահ Էրդողանն անցյալ տարի ինձ հետ զրույցներում և հրապարակայնորեն ընդգծեց Իսրայելի և Թուրքիայի միջև գործընկերության կարևորությունը, և ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից՝ որպես Իսրայելի Պետության նախագահ՝ նախագահ Էրդողանին հրավիրելու Իսրայել, ինչը, վստահ եմ, կկայանա և կնպաստի մեր երկրների միջև կապերի ու համագործակցության խորացմանը»։
Թուրքիան նոր ծառայություններ է առաջարկում Ուկրաինային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է մարդասիրական միջանցք բացել Ուկրաինայում և դուրս բերել այնտեղից վիրավոր զինծառայողներին։ Էրդողանը նաև պատրաստակամություն է հայտնել բժշկական ծառայություններ մատուցել վիրավոր ուկրաինացիներին Թուրքիայում։ «Մենք վիրավորներին բերել ենք Սիրիայից, Ադրբեջանից և Լիբիայից, բուժել նրանց մեր հիվանդանոցներում և նորից հետ ուղարկել: Դա մեր մարդասիրական պարտքն է, մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում մարդու իրավունքների միջազգային համաժողովի մասնակիցների առջև։
Հետևեք մեզ նաև Telegram-ում