Ոստիկանությունն արձագանքել է ՄԻՊ մտահոգություններին
Նմանատիպ
ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ որով ՀՀ Ոստիկանությունը արձագանքում է երեկ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանինուղղված ուղերձին, որն արվել էր երեկ։
«ՀՀ ոստիկանությունը ողջունում է ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանի նախաձեռնությունը, և հավատարիմ մնալով իր որդեգրած գործելակերպին՝ կրկին հաստատում է, որ այսուհետ ևս շարունակելու է միասնական չափանիշների կիրառմամբ ապահովել հավաքների մասնակիցների և մյուս քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը: Նախկինում ՀՀ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել անձի իրավունքների և հիմնարար ազատությունների իրացմանը վերաբերող խնդիրների կապակցությամբ շահագրգիռ կառույցների հետ քննարկումներ անցկացնելու նախաձեռնություններով և հետևաբար բարձր է գնահատում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես սահմանադրական ինստիտուտի հետ համատեղ արդյունավետ լուծումներ գտնելու հարցում հայտնած պատրաստակամությունը»,– ասված է ՀՀ Ոստիկանության հայտարարությունում:
Նշենք, որ երեկ ՄԻՊ-ն անդրադարձել էր Ոստիկանության կողմից «Հավաքների ազատության մասին» օրենքի կիրառման հետ կապված մի շարք հարցերի։ «Ընդհանուր առմամբ դրական գնահատելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ներկայիս կարգավորումները, այդուհանդերձ դեռևս մտահոգիչ են օրենսդրության կիրառման հետ կապված մի շարք խնդիրներ: Մաշտոցի պուրակում անցկացված հավաքների ընթացքում ծագած խնդիրները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հացադուլ հայտարարած Ա. Վարդանյանի գանգատները վկայում են, որ հավաքների անցկացման ընթացքում դեռևս հստակեցման կարիք ունեն Ոստիկանության աշխատակիցների և հավաքների կազմակերպիչների ու մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները»,– ասվում է Կ.Անդրեասյանի տարածված հայտարարության մեջ։
Նպատակ ունենալով համապատասխան օրենսդրության կիրառումը կանխատեսելի դարձնել հավաքների կազմակերպիչների և մասնակիցներիհամար՝ Պաշտպանը Ոստիկանապետին առաջարկել է աշխատանքային կարգով քննարկել բոլոր վիճահարույց հարցերը, ինչպես նաև համատեղ մշակել ու հրապարակել հստակ չափորոշիչներ, որոնք կստեղծեն իրական հնարավորություն՝ ապագա հավաքների ժամանակ խուսափելու անցանկալի միջադեպերից և մարդկանց իրավունքների խախտումներից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում