Քաղտեխնոլոգ. «ԲՀԿ-ի կոալիցիա կազմել-չկազմելու հարցը ոչինչ չի փոխի նախագահական ընտրությունների ժամանակ»
Նմանատիպ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը նշել է, որ պետք չէ կենտրոնանալ կուսակցությունների ստացած տոկոսների վրա, քանի որ հստակ հայտնի չէ, թե քանի հոգի է մասնակցել ընտրություններին:
Խոսելով խորհրդարանական ընտրություններում կիրառված տեխնոլոգիաների մասին՝ բանախոսն ասել է, որ Հայաստանում մայիսի 6-ին ոչ թե ընտրություններ էին, այլ՝ ֆինանսական լայնամասշտաբ միջոցառում, որի ժամանակ կիրառվել են ընտրակեղծիքների բուրգը և ընտրակաշառքները:
Մեկնաբանելով ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա կազմելու հարցի շուրջ շահարկումները՝ Ա. Բադալյանը նկատել է, որ ՀՀԿ-ն, թեև մեծամասնություն է, սակայն տեսականորեն նրան պետք է կոալիցիա: «Եթե կոալիցիա ստեղծվի, ապա Գագիկ Ծառուկյանի կերպարը կնույնացվի Արթուր Բաղդասարյանին»:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ կարելի է սպասել ԲՀԿ-ից, եթե այն չմտնի կոալիցիա, քաղտեխնոլոգն ասել է, որ կոալիցիա չմտնելու դեպքում ԲՀԿ-ն կզրվի վարչական ռեսուրսներից. «Այդ դեպքում, ԲՀԿ-ն պետք է որակապես փոխվի, որպեսզի հնարավորություն ունենա ինչ-որ բան փոխելու»:
Նա նաև հավելել է, որ ԲՀԿ-ի կոալիցիա կազմել-չկազմելու հարցը ոչինչ չի փոխի նախագահական ընտրությունների ժամանակ:
Քաղտեխնոլոգի համոզմամբ՝ ոչինչ չի փոխվի, նույնիսկ եթե հասարակությունը փողոց դուրս գա. «Այն քաղաքական ուժերը, որոնք չունեն դրսից աջակցություն, հաջողության չեն կարող հասնել: Սակայն պետք է նաև նշել, որ ՀՅԴ–ն և ՀԱԿ–ը հաջող ընտրարշավ չանցկացրեցին, և հասարակությունը Նիկոլի առաջարկած 30 վայրկյանը փոխարինեց 30 արծաթով: Ինչ վերաբերում է միջազջային դիտորդներին` նրանք բոլորն էլ գիտեն, թե ինչպես են ընթանում ընտրությունները և պաշտպանում են միայն իրենց շահերը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում