Մայր Աթոռում նշվել է Համբարձման տոնը
Նմանատիպ
Մայիսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Պատարագի սրբազան արարողությանը մասնակցում էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի միաբանները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Իտալիայի հայ համայնքից բարերար հայորդիներ և բազում ուխտավորներ:
Համբարձման տոնին տոնախմբվում է նաև Հայոց Հայրապետական Աթոռի 1441 թ. Սսից Ս. Էջմիածին փոխադրության հիշատակը: Այս առիթով սուրբ և անմահ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք:
Մինչ մաղթանքի արարողությունն օրվա խորհրդի շուրջ քարոզեց պատարագիչ Միքայել Սրբազանը: Նախ անդրադարձ կատարելով Տիրոջ Համբարձման տոնին` Սրբազանը այնուհետև խոսեց Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի Սսից Ս. Էջմիածին վերադառնալու 571-րդ տարեդարձի և պատմական այս իրադարձության կարևորության մասին:
«Այս օրերին էր, երբ լուսամիտ վարդապետներ, հոգևորականներ` միտքը հղացան վերադարձնելու Հայրապետական Աթոռը Սուրբ Էջմիածին, ուր չէր եղել գրեթե 1000 տարի…: Եվ 1441 թվականին, մի բուռ վարդապետներ հավատքով ելան աշխարհի դեմ: Ասում են, որ Սիսը անշքացած էր, հալածանքների ենթարկված էր և այդ պատճառով Աթոռը տեղափոխվեց Սուրբ Էջմիածին: Սա անշուշտ ճշմարտություն է, բայց ոչ ամբողջապես, որովհետև Էջմիածինը նույնպես օտարի լծի ու հալածանքների տակ էր, Արարատյան դաշտում հայություն չէր մնացել…, ուրեմն Էջմիածինը ավելի ապահով չէր, քան Սիսը, ուրեմն ապահովություն չէր, որ փնտրում էին վարդապետները: Ի´նչ էին փնտրում` Հայրենիք: Մեր պատմական օրրանն է այստեղ, մեր պատմական ծննդավայրն էր այստեղ. այստեղ վերահաստատեցին Աթոռը, որովհետև այստեղ է Հայրենիքը և այստեղ Հայրենիքի սրտում իջավ Միածին Որդին 301 թվականին: Եվ այստեղ, ասաց, պիտի լինի Իմ Աթոռը քահանայապետական: Նշանակում է, ուղենշեց մեր Հայրենիքի վայրը` այստեղ է սիրտը մեր Հայրենիքի: Եվ այսօր հիանում ենք այդ վարդապետների լուսամտությամբ և պայծառատեսությամբ, թե ինչպես տեսան 500 տարի իրենցից առաջ. տեսան, որ այստեղ է հավաքվելու հայ ժողովուրդը, այստեղ է ստեղծելու իր պետականությունը և այստեղ է հաստատելու իր հանրապետությունը և իր հայրապետական մնայուն անսասան Աթոռը: Ի´նչ Սուրբ Հոգու շնորհ ունեին այս վարդապետները, որ այդ մռայլ ու անհույս տարիներին տեսան այս օրը, տեսան, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո պիտի հավաքվի հայ ժողովուրդը…: Եվ մենք գիտենք պատմությունից, թե ի°նչ դժվար օրեր ապրեց Մայր Աթոռը 1441 թ. – ից հետո էլ, բայց միշտ հավատքը ելավ հաղթելու աշխարհին, և այդ վարդապետները և նրանց հաջորդները… հիմքը դրեցին Հայաստանի, այսօրվա Հայաստանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Առանց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, չէր լինի այսօվա Հայաստան, որովհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մագնիսի նման իր շուրջը հավաքեց հայ ազգի ցրված բեկորները: …Այսօր չհասկանալ այդ, չգիտակցել այդ և մտածել, որ մեր երկիրն ու պետականությունը կարող էր գոյություն ունենալ առանց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, միամտություն է…: Ուստի այս պատճառով է նաև, որ այս օրը` Համբարձման տոնին, մեր Եկեղեցին ու մեր հայրերը հաստատել են այս տոնը` Սսից` Էջմիածնում վերահաստատման տոնը, որպեսզի հիշենք յուրաքանչյուրս, որ այս Աթոռի շնորհիվ է , որ կանք իբրև ազգ, իբրև պետություն, պետականություն և Հայրենիք», – նշեց Սրբազանն իր խոսքում:
Հայրապետական մաղթանքին եկեղեցականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի անսասանության ու պայծառության և Ամենայն Հայոց Հայրապետի կենաց արևշատության համար:
Արարողությունից հետո Վեհարանում Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակով Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանին և Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանին շնորհվեց Արքության պատիվ` ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում տարիների նրանց վաստակի և նվիրյալ ծառայության:
Սեպուհ Սրբազանին հանձնված կոնդակում ասված էր.«…Այսօր Մենք ուրախ ենք հաստատելու, որ ծառայության ողջ ընթացքում Ձեր բոլոր հանձնառությունների ու պարտականությունների մեջ Դուք` որպես զինվորյալ սպասաւոր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, առաջնորդուել էք հայորդեաց հոգևոր կյանքի վերազարթոնքին ավանդ բերելու ազնիվ նախանձախնդրությամբ` հավատարմորեն պահելով ծառայանվիրումի Ձեր սրբազան ուխտը Բարձրյալ Տիրոջ հետ:
Մայր Աթոռում, Ժնևի հայ համայնքում և Շիրակի Թեմում ստանձնած հանձնառություններով հարստացնելով Ձեր փորձառությունը` Դուք կոչվեցիք Գուգարաց Թեմի Առաջնորդի պատասխանատու պաշտոնին: Նախընթաց մեկ ու կես տասնամյակի ընթացքում անհոգնաբեկ սպասավորությամբ Դուք կարողացաք զորացնել նորակազմ Թեմը, եկեղեցիների շուրջ միավորել մեր ժողովրդի հավատավոր զավակներին, բարվոք աշխատանք իրականացնել ի նպաստ երիտասարդ հայորդյաց հոգևոր կրթության ու դաստիարակության»:
Նաթան Սրբազանին շնորհված Հայրապետական կոնդակում մասնավորապես ասված էր.«…Գնահատանքով ենք անդրադառնում Տերունապատվեր Ձեր ծառայության արդյունքներին: Դուք նախանձախնդիր ու նվիրյալ ոգով եք արգասավորել Ձեր սպասավորությունը Ճեմարանի փոխտեսչի, այնուհետ Ուկրաինայի և ապա Մեծ Բրիտանիայի Հայոց թեմերի առաջնորդի պատասխանատու պաշտոններում:
Ուրախ ենք, որ այսօր Դուք, որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն, գովարժան աշխատանք եք իրականացնում հոգևոր-աստվածաբանական գրականության հրատարակության կարևոր գործում` ներդրում բերելով Տիրոջ կենարար խոսքի տարածման և մեր հավատացյալների կրոնական գիտելիքների զորացման առաքելության մեջ»:
Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Բարձրյալ Տերը զորակից լինի Սեպուհ և Նաթան արքեպիսկոպոսներին բարձր ու պատասխանատու նրանց կոչման մեջ` շնորհելով քաջառողջություն, արևշատություն և նորանոր հաջողություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում