Ֆելիքս Գզողյանի հիշատակին…
Նմանատիպ
Այսօր Շուշիի ազատագրման գործողության շտաբի պետ, գեներալ-մայոր Ֆելիքս Գզողյանի ծննդյան օրն է։ Լեգենդար հերոսը կդառնար 80 տարեկան…
Իսկ ահա ընդամենը 10 տարի առաջ, երբ Գզողյանը դարձավ 70 տարեկան, Հայրս իրական զարմանքով հոդված էր գրել իր վաղեմի ընկերոջ մասին։ «Մի՞թե դու արդեն 70 տարեկան ես, Ֆելիքս ջան։ Մի՞թե դու դեռ 70 տարեկան ես, ընկեր։ Ու ինչպե՞ս ես կարողացել դու ինչ-որ 70 տարիների ընթացքում այդքան բան անել մեր ժողովրդի համար»,- գրել էր Հայրս։
Հիա ես նրան շատ լավ եմ հասկանում՝ Ֆելիքս Գզողյանն իսկապես շատ ուրիշ մարդ էր։ Ինչ-որ տեղ՝ նույնիսկ անհասկանալի։
Մտածում եմ՝ մեծությունների առանձնահատկությունն է անհասկանալի լինելը։ Նաև անհասանելի։
2019թ. հուլիսին, երբ գեներալը հրաժեշտ տվեց երկրային կյանքին, համոզված էի, որ մեր տան ևս մեկ զրույց կշարունակվի երկնքում։ Հայրիկիս կորստից հետո Գզողյանի մահվան բոթը շատ ծանր տարա։ Նա մեր ընտանիքի մոտ ընկերն էր ու նաև Հայրիկիս անցյալի հետ ինձ կապող կարևոր օղակներից մեկը։ Այնպիսին, ինչպիսին էր Կոմանդոսը։ Եվ ես մտածում էի, որ անարդար է նման մարդկանց՝ այդքան շուտ կյանքից հեռանալը։
Իսկ հիմա, ցավոք, մտքումս շատ բան է փոխվել։
Երևի թե, ասելու էլ չէ։ Բայց… Թե՛ Ֆելիքսը, թե՛ Հայրս երանելի են. նրանք չտեսան 2020-ին սկսված և մինչև այս պահը չավարտվող խայտառակությունը։ Նրանք գնացին հաղթանակած։ Նրանք գնացին հպարտ։ Բառի ամենալավ իմաստով հպարտ։
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում