Դավոսում մեկնարկում է համաշխարհային տնտեսական ֆորումը․ Հայաստանի ղեկավարներից ոչ մեկ չի լինի այնտեղ

Դավոսում մեկնարկում է համաշխարհային տնտեսական ֆորումը․ Հայաստանի ղեկավարներից ոչ մեկ չի լինի այնտեղ

Այսօր շվեյցարական լեռնադահուկային Դավոս հանգստավայրում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական ֆորումը։

Այս տարի Հայաստանի ղեկավարներից ոչ մեկ չի մասնակցի ֆորումին։ Sputnik Armenia-ի հարցմանն ի պատասխան՝ կառավարությունից ասել են, որ «նման այց պլանավորված չէ»։

Bloomberg գործակալությունը հայտնում է, որ այս տարի Ռուսաստանից որևէ միլիարդատեր ներկա չի լինի ֆորումին։

«Մինչև վերջերս ռուսաստանցի միլիարդատերերը Դավոսի կարևոր բաղադրիչն էին։ Այս տարի նրանց թիվը զրո է»,- գրում է գործակալությունը՝ հիշեցնելով, որ 2020 թվականին Ռուսաստանի պատվիրակությունը Դավոսում միլիարդատերերի թվով եղել է երրորդը մասնակից բոլոր երկրների շարքում։

Բացի ռուսաստանցիներից, այս տարվա ֆորումը բաց կթողնեն նաև չինացի միլիարդատերերը։  Չինաստանի տնտեսությունը դեռ չի վերականգնվել կորոնավիրուսի շարունակվող բռնկումներից և արժեթղթերի շուկայի անկումից հետո։

Ֆորումը մեկնարկել է այսօր և կտևի մինչև հունվարի 20-ը։ Ընդհանուր առմամբ դրան մասնակցելու համար գրանցվել է 116 միլիարդատեր, ինչը 40%-ով ավելի է, քան 10 տարի առաջ։

Ռուսների ու չինացիների բացակայության ֆոնին ավելացել է գրանցված միլիարդատերերի թիվը Պարսից ծոցի երկրներից։ Հնդկաստանից ֆորումին կմասնակցի 13 միլիարդատեր, այդ թվում՝ Գաուտամ Ադանին, որը երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց Forbes Real-Time վարկանիշում։ Ադանիի կարողությունը գնահատվում է 128,3 մլրդ դոլար։

Ամերիկացի գործարարները, ինչպես միշտ, կազմում են ամենամեծ խումբը․ ֆորումին կգա 33 միլիարդատեր։

Եվրոպացի միլիարդատերերից Դավոս կայցելի միայն 18 հոգի։ Տնտեսական անկում ապրող Մեծ Բրիտանիայից կգա միայն հնդիկ գործարար, Arcelor Mittal ընկերության ղեկավար Լակշմի Միտալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում