Աշխարհում ծայրահեղ աղքատությունն աճում է, իսկ միլիարդատերերը՝ ավելի հարստանում․ Oxfam

Աշխարհում ծայրահեղ աղքատությունն աճում է, իսկ միլիարդատերերը՝ ավելի հարստանում․ Oxfam

Վերջին քսանհինգ տարվա ընթացքում առաջին անգամ աշխարհն ականատես է լինում ծայրահեղ աղքատության և ծայրահեղ հարստության միաժամանակյա աճի։

Oxfam բարեգործական կազմակերպությունների ասոցիացիան այսօր Դավոսում մեկնարկած համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում նշվում է, թե ինչպես են կորպորացիաները և նրանց սեփականատերերը տարատեսակ ճգնաժամերի արդյունքում կարողանում շահող դուրս գալ և ահռելի եկամուտներ գեներացնել։

Զեկույցում, որը վերնագրված է «Ամենահարուստների գոյատևումը», նշվում է, որ 2020թ-ին COVID-19-ով պայմանավորված ճգնաժամից հետո կուտակված շուրջ 26 տրիլիոն դոլար կամ համաշխարհային հարստության մոտ 62 տոկոսը հայտնվել է մոլորակի բնակչության 1 տոկոսի ձեռքում։ Մինչդեռ աշխարհի բնակչության մնացած 99 տոկոսին բաժին է ընկնում ընդամենը 16 տրիլիոն դոլար կամ այդ աճի 38 տոկոսը:

Մեկ տարի առաջ միլիարդատերերի հարստությունը կրկին կտրուկ աճել է՝  «սննդային և էներգետի ոլորտի ընկերությունների աճող շահույթի շնորհիվ»։

Ըստ Oxfam-ի՝ այս ընկերությունների 95 տոկոսն ավելի քան կրկնապատկել է իր շահույթը 2022 թվականին։

Երկրի յուրաքանչյուր տասներորդ բնակիչը սովի է մատնված

Միևնույն ժամանակ, առնվազն 1,7 միլիարդ աշխատող ապրում է այն երկրներում, որտեղ գնաճը ներկայում գերազանցում է աշխատավարձի աճը։ Ավելի քան 820 միլիոն մարդ, կամ Երկրի յուրաքանչյուր տասներորդ բնակիչ սովի է մատնված. նրանց շուրջ 60 տոկոսը կանայք և աղջիկներ են։

«Սա, հավանաբար, աշխարհի կտրվածքով անհավասարության և աղքատության ամենամեծ աճն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»,- գրում է կազմակերպությունը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի տվյալները։

Մեքսիկան սոցիալական անհավասարության ամենացցուն օրինակներից է, որտեղ բնակչության 46․3 տոկոսը համարվում է աղքատ։ Ծայրահեղ աղքատությունն ու շքեղությունն ապրում են կողք կողքի։

Oxfam-ը կոչ է արել ամբողջ աշխարհի կառավարություններին բարձրացնել հարստության, ինչպես նաև գերշահույթի հարկերը, որպեսզի հնարավոր լինի կանխել աղքատության և սովի տարածումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում