Թուրքագետ. «Թուրքիայի բնակչության 40 տոկոսը չի ցանկանում ապրել քրիստոնյա հարևանի հետ»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հայագիտական կենտրոնի ղեկավար, թուրքագետ Արիստակես Սիմավորյանն, ինչպես նաև փորձագետ Վահրամ Հովյանն անդրադարձել են «Կրոնական անհանդուրժողական դրսևորումները Թուրքիայում քրիստոնյաների հանդեպ» թեմային:

Ա.Սիմավորյանի խոսքերով՝ Թուրքիայում այսօր 120 հազար քրիստոնյա է ապրում, որից 59 հազարը հայեր են: Թուրքիայում գործում են նաև աղանդավորական խմբավորումներ, մասնավորապես՝ Եհովայի վկաներ և մորմոններ, որոնց թվում կան շատ հայեր:

Թուրքագետի կարծիքով՝ Թուրքիայում իրենց պետության քրիստոնեացման վախ կա, որը սակայն, իր կարծիքով, հավանական չէ: Ըստ նրա՝ մոտակա 30-40 տարվա ընթացքում Թուրքիան հակաքրիստոնեական քաղաքականություն է իրականացնելու, որը հիմնականում ուղղված է լինելու հայկական համայնքի դեմ։

«Թուրքիայում անցկացված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակչության 40 տոկոսը չի ցանկանում ապրել քրիստոնյա հարևանի հետ։ Իսկ 58 տոկոսը չի ցանկանում ապրել հուդդա-հրեա հարևանի հետ»,- նշել է Ա.Սիմավորյանը:

Թուրքագետը նաև նշել է, որ տարիներ շարունակ թուրքերի որդեգրած կրոնական անհանդուրժողականության քաղաքականության արդյունքում «հայկական համայքն ուղղակի փոշիացման նախաշեմին է կանգնած»։ Ըստ նրա՝ այդ հարցում բավական ակտիվ են գործում ԶԼՄ ները. «Նրանց կողմից քրիստոնեական եկեղեցու ցանկացած գործողություն մեկնաբանվում և լուսաբանվում է բացասաբար։ Անգամ այն աստիճան, որ եկեղեցական կառույցներն, անկախ դավանական պատկանելությունից, ներկայացվում են որպես ահաբեկչական կառույցներ»։

Նորավանքի փորձագետ Վահրամ Հովյանն իր հերթին տեսակետ է հայտնել, որ Թուրքիայում ապրոց քրիստոնյաների նկատմամբ հալածանքներն ու հետապնդումներն իրականացվում են թե՛ պետական մակարդակով, թե՛ թուրք ծայրահեղականների կողմից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում