ՀԱԿ-ը դիմել է Սահմանադրական դատարան. Պահանջում են չեղյալ համարել ընտրությունների արդյունքները

Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցած Հայ ազգային կոնգրես դաշինքը քիչ առաջ դիմել է Սահմանադրական դատարան` ընտրությունների պաշտոնական արդյունքները չեղյալ համարելու պահանջով: Այդ մասին տեղեկացնում են Սահմանադրական դատարանի լրատվական ծառայությունից:

Բացի Կոնգրեսից, ՍԴ են դիմել նաև ընտրություններին մեծամասնական ընտրակարգհով մասնակցած 6 թեկնածուներ:

Երկու պատգամավորի թեկնածուների դիմումներ ուղարկվել են փոստով և Սահմանադրական դատարանում մուտքագրվել են մայիսի 17-ին։

Նշված վեց դիմումները ներկայացվել են թիվ 37 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի, թիվ 3 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Մանուել Գասպարյանի, թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, թիվ 9 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Լեւոն Զուրաբյանի, թիվ 17 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գագիկ Ներսիսյանի և թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Դավիթ Մաթևոսյանի կողմից։

Սահմանադրական դատարան դիմած պատգամավորի թեկնածուներից յուրաքանչյուրը վիճարկում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից՝ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրության արդյունքներով ընդունված որոշումը։

Սահմանադրական դատարանի նախագահն, օրենքով սահմանված կարգով, հանձնարարել է սահմանադրական դատարանի անդամներին ուսումնասիրել նշված դիմումները և զեկուցել ուսումնասիրության արդյունքների մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում