Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը վերականգնվել է (թարմացված)

Նմանատիպ
19։10 – Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13.00-ին:
«Արցախգազ» ընկերությունը տեղեկացնում է, որ այս պահին իրականացվում են համապատասխան պրոֆիլակտիկ-վերականգնողական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով:
Նախատեսվում է, որ երեկոյան գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում:
Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները, ստուգել գազի փականները:
13։30 – Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը․ հրատապ խորհրդակցություն է հրավիրվել
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը՝ Արցախի բնակչությանը զրկելով բնական գազի օգտագործման հնարավորությունից։
«Արցախգազ» ՓԲ ընկերությունը հայտնում է, որ հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել է ժամը 13։00֊ի դրությամբ:
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանից Արցախ գազամատակարարումը Ադրբեջանի կողմից խափանելու հետ կապված:
Քննարկվել են ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Պետնախարարը ենթակառուցվածքային ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել այլընտրանքային եղանակներով նշված օբյեկտների գործունեությունը և բնակչության նվազագույն պահանջարկը ապահովելու համար:
Տեղեկացնենք, որ հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել էր նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս մասնագետներին մոտենալ և հասկանալ պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Ձմռան պայմաններում Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է էներգամատակարարումից և արդեն նաև՝ գազամատակարարումից:
Հանրապետությունում ներկայումս էներգամատակարարում իրականացվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում