Բ.Սահակյան. «Բերձորի ազատագրմամբ ճեղքվեց Արցախի շրջափակումը և կապ հաստատվեց Մայր Հայաստանի հետ»

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին մասնակցել է Բերձոր քաղաքի ազատագրման 20րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում եւ պետական պարգեւներ հանձնել մի խումբ ազատամարտիկների:

Շնորհավորելով բոլորին այս հիշարժան տոնի կապակցությամբ` Բակո Սահակյանը նշել է, որ Բերձորի ազատագրմամբ ճեղքվեց Արցախի շրջափակումը եւ անմիջական կապ հաստատվեց Մայր Հայաստանի հետ, ինչն ուներ մեծ ռազմավարական նշանակություն: Նախագահի խոսքով` Քաշաթաղի շրջանի շենացումը գտնվում է իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում: Այստեղ իրականացվում են բազմաթիվ կարեւոր ծրագրեր` ուղղված շրջանում առկա հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը եւ տարածքների համաչափ զարգացմանը:

Բակո Սահակյանը եղել է .Սյունիք – 3/ ՀԷԿի շինհարթակում եւ տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Նախագահը ներկա է գտնվել նաեւ «Սյունիք – 2» ՀԷԿի բացման հանդիսավոր արարողությանը:

Այնուհետեւ երկրի ղեկավարը մասնակցել է Բերձոր քաղաքում նոր բնակելի թաղամասի հիմնարկեքի արարողությանը:

Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից եւ Սփյուռքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում