Չինաստանի բնակչությունը վերջին 60 տարում առաջին անգամ նվազել է
Նմանատիպ
Չինաստանի բնակչությունը վերջին 60 տարում առաջին անգամ նվազել է․ 2022թ-ին ծնելիությունը 1000 բնակչի հաշվով կազմել է 6․77 երեխա, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է Չինաստանի համար։
Չինաստանի պետական վիճակագրական բյուրոն հայտնում է, որ երկրի բնակչությունը 2022 թվականին նվազել է 850 հազարով` կազմելով 1․411 մլրդ․ մարդ։
Չինաստանում ծնելիության մակարդակը տարիներ շարունակ նվազում է։ «Մեկ երեխայի քաղաքականության» չեղարկումից յոթ տարի անց Չաշխարհի ամենամեծ բնակչություն ունեցող երկիրը թևակոխել է «բնակչության բացասական աճի դարաշրջան»:
Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին ԱՄՆ-ում 1000 մարդու հաշվով գրանցվել է 11․06 ծնունդ, Մեծ Բրիտանիայում՝ 10․08 ծնունդ, իսկ Հնդկաստանում, որը պատրաստվում է առաջ անցնել Չինաստանից՝ դառնալով աշխարհի ամենաբնակեցված երկիրը, ծնելիության ինդեքսը կազմել է 16․42:
Չինական կառավարության ավելի վաղ հրապարակած տվյալները ազդարարում են, որ այս երկրում ժողովրդագրական ճգնաժամ է հասունանում, որը երկարաժամկետ կտրվածքով կկրճատի Չինաստանի աշխատուժը և կմեծացնի առողջապահության և սոցիալական ապահովության այլ ծախսերի բեռը:
2021 թվականին անցկացված մարդահամարի արդյունքները ցույց են տվել, որ Չինաստանի բնակչությունն աճում է վերջին տասնամյակների ընթացքում ամենադանդաղ տեմպերով: Բնակչությունը նվազում և ծերանում է նաև Արևելյան Ասիայի այլ երկրներում, ինչպիսիք են Ճապոնիան և Հարավային Կորեան: