Կհաղթի՞ արդոք Պուտինն Ուկրաինայում. Միջազգային ամփոփ լրահոս
Կարդացեք նաև
Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։
Նախագահական ընտրություններ Թուրքիայում

Թուրքիայում հայտարարել են այս տարի տեղի ունենալիք նախագահական ընտրությունների օրը։ Ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Այս մասին հայտնել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը կարծում է, որ ընտրությունների օրը խորհրդանշական է, քանի օր 73 տարի առաջ՝ 1950 թվականի մայիսի 14-ի Թուրքիայի նախագահական ընտրություններում Ադնան Մենդերեսի հաղթանակով վերջ դրվեց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի Հանրապետական Ժողովրդական կուսակության (CHP) միանձնյա կառավարմանը:
Ուկրաինայում կառավարական ուղղաթիռ է կործանվել

ՈՒկրաինայի Բրովարի քաղաքում վթարի է ենթարկվել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուղղաթիռը։ Վթարի հետևանքով մահացել է ՆԳՆ ղեկավարությունը՝ նախարարը, նախարարի առաջին տեղակալը և պետքարտուղարը։
Ինչպես տեղեկացնում է ուկրաինական ոստիկանությունը, վթարի հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Մահացածներից ինը ինքնաթիռում են եղել։
Նշվում է նաև, որ 22 տուժած տեղափոխվել են հիվանդանոցներ, այդ թվում՝ տասը երեխա։
Ալիևը մասնակցում է Դավոսի ֆորումին

Իլհամ Ալիև․ Դավոս, Շվեյցարիա, 2023թ․ Համաշխարհային տնտեսական ֆորում
Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք հանդիպումներ է ունեցել միջազգային էներգետիկ կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ երկրների ղեկավարների հետ։
The Goldman Sachs Group Inc ընկերության գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է The Goldman Sachs Group Inc.-ի՝ Կենտրոնական բանկի և Ադրբեջանի Պետական նավթային հիմնադրամի հետ հաջող համագործակցությունը: Իսկ ահա Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ զրույցում Ալիևը պնդել է, իբր Լաչինի միջանցքը բաց է, և որ հակառակը պնդելով՝ հայկական կողմը ստում է։
Չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում Ալիևն ասել է, որ Ադրբեջանը կընդլայնի Եվրոպա գազի մատակարարման աշխարհագրությունը։ «Անցյալ տարի մենք Եվրահանձնաժողովի հետ ստորագրեցինք փաստաթուղթ՝ կրկնապատկելու գազի արտահանումը եվրոպական շուկա, և այդ նպատակին կհասնենք հինգ տարվա ընթացքում։ Դա հնարավոր է, թեև հեշտ չի լինի: Այո, Ադրբեջանը բնական գազի այնքան էլ մեծ մատակարար չէ, բայց մենք ունենք մեր սեփական շուկան Արևելյան և Հարավային Եվրոպայում։ Եվ որքան շատ գազ արտադրենք ապագայում, այնքան ավելի կընդլայնենք մատակարարումների աշխարհագրությունը»,- ասել է Ալիևը։
Կհաղթի՞ արդոք Պուտինն Ուկրաինայում
Չափազանց կարևոր է, որ Պուտինը չհաղթի Ուկրաինայում, մասամբ այն պատճառով, որ դա ողբերգություն կլինի Ուկրաինայի համար, բայց նաև շատ վտանգավոր կլինի բոլորիս համար, քանի որ այդ դեպքում դա ազդանշան կլինի բոլոր ավտորիտար ռեժիմներին, որ նրանք կարող են հասնել ուժի ցանկալի կիրառման և միջազգային իրավունքի խախտման, ինչը մեզ խոցելի կդարձնի։
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում։
Սթոլթենբերգը վստահություն է հայտնել, որ Ուկրաինային պետք է այնքան զենք մատակարարել, որպեսզի ՌԴ նախագահ Վլադմիրի Պուտինը համոզվի, որ մարտի դաշտում հաջողության չի հասնելու։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կարծիքով սա է ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու ճանապարհը։
Մինչդեռ ՌԴ նախագահ Վ. Պուտինը համոզված է, որ Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում անխուսափելի է։ Սանկտ Պետերբուրգում Օբուխովի գործարան կատարած այցի ժամանակ Պուտինն ընդգծել է, որ գալիք հաղթանակը հիմնված է լինելու «մի քանի բաների վրա, որոնք չեն վերացել»: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ ռուս ժողովուրդն արժանի է հաղթանակի, քանի որ անցել է բազմաթիվ փորձությունների միջով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում