Հայկական բանակաշինության ավանդույթները․ մաս I

Հայկական բանակաշինության ավանդույթները․ մաս I

Lրանում է Հայաստանի զինված ուժերի կազմավորման 31-ամյակը։ Երեք տասնամյակների ընթացքում բանակաշինության ուղղությամբ բազմաթիվ գործընթացներ են տեղի ունեցել։ Times.am-ի խմբագրությունն իր ընթերցողին առաջարկում է այս մեծ իրադարձության նախաշեմին ծանոթանալ հայոց թագավորություններից մինչև մեր օրեր հայկական զինված ուժերի կառուցվածքին, թվակազմին, սպառազինությանն ու մարտավարական առանձնահատկություններին։

Հոդվածաշարի առաջին թողարկումը նվիրված է հայկական թագավորությունների բանակներին

Հին Հայաստանի ռազմական ինժեներները կարևոր նորարարությունների հեղինակ են եղել․ տարածաշրջանում առաջինը Հայաստանում են սկսել բերդերը կառուցել ավելի կատարելագործված եղանակով. նրանք բերդի աշտարակներին և պատերին ավելացրել են ծածուկ ուղիներ դեպի ջրի աղբյուրները կամ գետերը, բերդի պարիսպները կառուցել են սովորականից ավելի լայն, որպեսզի նրանց մեջ ներսից տեղավորվեն ձիերի գոմերը, սննդամթերքների, մարտական զենքերի և մյուս պաշարների պահեստները, իսկ տանիքի վրայով եղել է ուղի, որտեղով կռվող ռազմիկները փոխադրվել են մեկ աշտարակից մյուսը։ Այդ ուղին ծառայել է նաև զորքերի ապաստարան։ Այդպիսի բերդաքաղաքներից են եղել Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտը և այլն։

Արտաշատ քաղաքի հատակագծի և պարիսպների վերակերտությունը․ Ք․ա․ 2-րդ դար

Հայոց զինուժի թվակազմի մասին կոնկրետ հիշատակություն է պահպանվել Հին աշխարհի հույն նշանավոր գործիչ Քսենոփոն Աթենացու «Կյուրոպեդիա» երկում, ըստ որի՝ Երվանդունյաց Հայաստանի հեծելազորի կեսը Ք.ա. 6-րդ դարի առաջին կեսին կազմում էր 4 հազար, իսկ հետևակի կեսը՝ 20 հազար մարտիկ, այսինքն՝ հայոց բանակն ուներ 48 հազար զինվոր՝ 40 հազար հետևակ և 8 հազար հեծելազոր:

Սպառազեն հեծյալ: Բարձրաքանդակ Մուշի սբ Առաքելոց վանքի դռան վրա, 1134

Սպառազեն հեծյալ: Բարձրաքանդակ Մուշի սբ Առաքելոց վանքի դռան վրա, 1134

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԸ

Նետ և աղեղ։ Արանք զենքերի հնագույն տեսակներից են, որոնք օգտագործվել են թշնամուն հեռու տարածության վրա հարվածելու համար և մեծ դեր են խաղացել Հայկական բարձրավանդակում տեղի ունեցած բոլոր ճակատամարտերում։

Պարսատիկ։ Թշնամուն հեռահար հարվածելու մեկ այլ գործիք է․ Հայկական նետաղեղնավոր գնդերի կողքին մարտնչել են պարսատիկավորների հատուկ կազմակերպված գնդեր։

Հայ մարտիկի սպառազինություն

Վանի թագավորության նետաձիգ

Նիզակ, տեգ և գեղարդ։ Արանք էլ հնադարյան զենքեր են, որոնք օգտագործվել են մինչև նույնիսկ մեր օրերը։ Այդ զենքերը լայն գործադրում են գտել հայոց բոլոր տեսակի զորքերում՝ թշնամուն ձեռնամարտում, մոտիկ տարածության վրա հարվածելու համար։

Դաշույն։ Պատրաստվում էր բրոնզից կամ երկաթից, տարբեր ձևի ու չափի։ Դաշույններն ունենում էին պատյաններ, որոնք պատրաստվում էին բրոնզից կամ փայտից և ծածկված էին կաշվով։ Հնադարյան դաշույնները պատյան չունեին և չկար կողքից կախելու հարմարություններ, ուստի դաշույնն ուղղակի խրել են գոտու մեջ։ Դաշույնը հայկական զորքի կարևորագույն զենքն էր, որն օգտագործել է հետևակը ձեռնամարտի ժամանակ։

Վահան և զրահ: Սրանք եղել են պաշտպանության միջոցներ։ Վահանը հնում պատրաստել են փայտից՝ ծառի հաստ ճյուղերից, իսկ հետագայում՝ մետաղից։ Հայոց բանակը ունեցել է ծանր վահանակիրների զորամասեր, որոնք իրենց մեծ վահաններով փակել են հակառակորդի հարձակման ուղին և սեփական նետաղեղավոր գնդերին ազատ գործելու հնարավորություն են տվել։

Ասորեստանի զորքերի կողմից քաղաքի պաշարման տեսարան․ որմնաքանդակ, Ք․ա․ 9-րդ դար

Պաշարողական, ամրաքանդիչ տեխնիկա։ Պատմական աղբյուրները նշում են, որ հին հայկական թագավորություններում նման տեխնիկան զինված ուժերում մեծ տարածում չի ունեցել, քանի որ պատմության բերումով հայերը ավելի շատ պաշտպանողական պատերազմներ են մղել, քան հարձակողական։

ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՂԱՆԱԿԸ

Պատմական հիշողությունը հուշում է ճանապարհը

Հայկական զորքերի հիմնական մարտավարությունը եղել է ճակատային ընդհարումը, ինչպես նաև թևերի պաշտպանությունը, կազմակերպված հետախուզությունը և պահպանությունը։

Հայկական զորքերը համեմատաբար լավ են պատրաստվել պաշտպանողական տեսակի մարտին, դրա համար կառուցվել են բերդեր, ստեղծվել ամրություններ, հարմարեցվել է լեռնային տեղանքը։

Թշնամու հարձակման ժամանակ կամ իրենց զորքերի պարտության դեպքում վահանակիրները շարվել են, շրջանակով և, իրենց առաջ դնելով սեփական վահանները, ստեղծել են պաշպանական պարիսպ, որի հետևից պաշտպանվել ու ետ են մղել թշնամու գրոհները։

Զորքը բաժանված է եղել հետևակի և հեծելազորի, որոնք ըստ զինվածության՝ ստորաբաժանվել են ավելի փոքր զորամիավորումների։

Standard of the Artaxiad dynasty.svg

Արտաշեսյանների արքայատոհմի զինանշանը (Ք․ա 189 – Ք․հ․ 1թթ․)

Արտաշեսյանների հարստության օրոք համակարգային բանակաշինությունը մեծ առաջընթաց է ապրել, որի արդյունքում Հայաստանը դարձել է տարածաշրջանային գերտերություն՝ նվաճելով բազմաթիվ տարածքներ։ Առավել ուշագրավ է Արտաշես Ա (Ք.ա. 189-160թթ.) արքայի կողմից հայոց բանակի բաժանումը 4 զորավարությունների, որոնց խնդիրն էր Մեծ Հայքի թագավորության սահմանների պաշտպանության համակարգված կազմակերպումը: Սա նման է ներկա ժամանակներում բանակային կորպուսների ստեղծմանը։ Բանակային բարեփոխումները շարունակվել են Տիգրան Մեծի օրոք (Ք. ա. 95-55 թթ.)։ Պատերազմի ժամանակ ներկայացվող զորքի թիվը ամեն մի ստրատեգիայի կամ նախարարության համար որոշվել է առանձին՝ հաշվի առնելով տվյալ ստրատեգիայի բնակչության քանակը։

Տիգրան Մեծի զորքի ընդհանուր թիվը եղել է մոտ 120 հազար մարդ, (բուն հայկական զորքը), սակայն ենթակա պետությունների և գրավված տարածքների տրամադրած ջոկատներով Հայկական տերության բանակը, ըստ պատմագիտական հիշատակումների, հասել է մինչև 300 հազարի։

Հայկական զորքերի գերագույն հրամանատարի զորակայանը մարտի ժամանակ գտնվել է  բանակի մարտական կարգերի կենտրոնում կամ հետևում, այնպիսի վայրում, որտեղից կարելի էր դիտել ճակատամարտի դաշտը և անել լրացուցիչ կարգադրություններ։ Այդպես է վարվել Տիգրան II-ը Տիգրանակերտի մոտ։

Տիգրանակերտի ճակատամարտը

Ք․ա․ 69թ-ին տեղի է ունեցել Տիգրան Մեծի և հռոմեացի զորավար Լուկուլլոսի բանակների բախումը․ Նկարը՝ Ջ․Ֆուզարո

Տիգրանի զորքերը կազմված են եղել հետևակից, հեծելազորից և սակրավորների ջոկատներից։

Հետևակը բաժանվել է գնդերի, ջոկատների, հարյուրյակների և հիսնյակների։ Միևնույն ժամանակ, հետևակը բաժանվել է թեթև և ծանր գնդերի՝ ըստ սպառազինության։ Հետևակը զինված է եղել աղեղներով, նիզակներով, սրերով և վահաններով։

Տիգրանի զորքերում հատուկ նշանակություն է ունեցել հեծելազորը, որի կազմում եղել են թեթև և զրահավոր գնդեր։ Հեծելազորը զինված է եղել երկար նիզակներով, աղեղներով, սրերով և զրահներով։ Ըստ երևույթին, զրահավոր հեծյալ գնդերը մարտում ստացել են հատուկ առաջադրանքներ և գործել են ճակատամարտի ավելի վտանգավոր հատվածներում։

No photo description available.

Արտաշեսյան բանակի ծանր հեծելազորի սպառազինությունը․ հայոց այրուձին

Տիգրանի բանակը ունեցել է և սակրավորների ջոկատներ, որոնք զինված են եղել ռազմախրամատային բահերով, կացիններով կամ տապարներով և այլ գործիքներով։ Սակրավոր ջոկատները պարտավոր էին զորքերի համար անցկացնել ճանապարհներ, կառուցել կամուրջներ, սարքել բանակատեղեր, խրամատներ և այլն։

Վերջապես, զորքերի հետևից գնում էր հսկայական գումակը՝ սննդամթերքներով, զենքերի պաշարով, ճամբարի պարագաներով ջորիների, եզների, ձիերի և այլ կենդանիների վրա բարձած։

Արշակունիների թագավորություն

Արշակունյաց թագավորության զինանշանը․ 66-428թթ․

Արշակունիների արքայատոհմի կառավարման օրոք (66-428թթ.) Հայաստանը փաստացի եղել է 3-րդ ամենազորեղ տերությունը տարածաշրջանում Հռոմից և Պարսկաստանից հետո։ Այն ունեցել է կազմակերպված հզոր բանակ՝ կազմված մինչև 120 հազար մարտիկներից, որոնք ընդգրկված էին արքունական և նախարարական գնդերում: Այս ուժերի փաստական հրամանատարի՝ սպարապետի ղեկավարությամբ զինված ուժերի կորիզը պահպանվեց նաև Արշակունյաց թագավորության անկումից հետ:

Արքունիքին կից գործում էր նաև թագավորի թիկնապահ հեծելազորը կամ մաղխազական գունդը, որն ապահովում էր թագավորի և արքունիքի անվտանգությունը։ Այդ թիկնապահ գնդի ղեկավարն էր մաղխազը։ Գնդի 10 հազար մարտիկներից 6 հազարը պատերազմի ժամանակ մշտապես ուղեկցում էին թագավորին և մասնակցում պատերազմական գործողություններին։

Фото: wildfiregames.com

Նկարում պարթևական (1) և նրանից Տիգրան Մեծի ժամանակաշրջանում փոխառված հայկական ծանրազեն հեծելազորն է (2)

Հայոց զորքի հիմնական հարվածային ուժը հեծելազորն էր՝ հայոց այրուձին, որը զինված էր հիմնականում նիզակներով, սրերով, վահաններով և նետ ու աղեղներով։ Զրահապատ էր ոչ միայն հեծյալը, այլ նաև ձիու խոցելի հատվածները։ Բանակի մեծ մասը հետևակն էր, որոնք բաժանված էին նետաձիգների, նիզակակիրների, սակրավորների ու տեգակիրների։ Պատերազմի ժամանակ բանակը համալրվում էր նաև աշխարհազորով։

Բագրատունիների հայոց թագավորություն

Բագրատունյաց Հայաստանի զինանշանը․ 885-1045թթ․

Բագրատունյաց Հայաստանում (885-1045թթ.) արաբական լծից ազատագրվելուց հետո բանակը սկզբնական 40 հազարից հաջողվեց հասցնել 100 հազարի Գագիկ Ա-ի (990-1020թթ.) օրոք, երբ պետությունը հասավ իր տնտեսական և ռազմական հզորության գագաթնակետին։

Բագրատունյաց Հայաստանի անկմանը հաջորդող ժամանակաշրջանում սկսվեց հայկական կանոնավոր զինված ուժերի քայքայման գործընթացը, որն ընթանում էր հայկական ավանդական նախարարական հողատիրության համակարգի անկմանը զուգընթաց:

Միաժամանակ, հայոց զինված ուժերի մի մասը ծառայության էր անցել վրաց Բագրատունիների մոտ՝ լինելով հայ-վրացական զինակցության հաջողության հիմնական գրավականներից մեկը:

FlagKilikia.svg

Կիլիկիայի հայ Ռուբինյան իշխանների զինանշանը․ 12-13-րդ դարեր

Կիլիկիայի հայ Ռուբինյան իշխանների դրոշըՀայաստանի սահմաններից դուրս՝ Կիլիկիայում, հայ իշխանների շուրջ մի քանի տասնյակ հազար մարտիկներից կազմված զինված ուժերի կայացմամբ հնարավոր եղավ ստեղծել հայկական անկախ իշխանությունը, որն ի վերջո դարձավ նաև անկախ պետություն:

Կիլիկիայում մշտական բանակի կազմակերպումն սկսվեց դեռևս Ռուբինյան առաջին իշխանների օրոք։ Խաղաղ ժամանակ երկիրը կարողանում էր պահել 30.000-անոց բանակ։ Պատերազմի ժամանակ բանակի թվակազմը հասնում էր 60 հազարի։

Բանակը բաղկացած էր արքունի և իշխանական գնդերից։ Պատերազմների ժամանակ գյուղացիներից և քաղաքացիներից կազմվում էր աշխարհազոր։ Կանոնավոր բանակի միջուկը ձիավորներից (ասպետներից) կազմված հեծելազորն էր։ Կիլիկիայում ևս սահմանվել էր ձիավորի (ասպետ) աստիճան։ Այն ստանալու համար անհրաժեշտ էր զինվորական գիտելիքների քննություն հանձնել։ Ձիավորի աստիճանի շնորհումը տեղի էր ունենում հանդիսավոր պայմաններում։ Այն ստացել են 14, 18, 20-ամյա տարիքում։ Բանակում նշանակալից թիվ էր կազմում հետևակը։

Армянские рыцари: армия Киликийского царства - RadioVan.fm

Կիլիկյան Հայաստանի ձիավոր ասպետ․ 13-րդ դար

Կիլիկյան Հայաստանի զինված ուժերում հայոց պատմության համար եզակի առումով մեծ տեղ ուներ նաև ռազմական նավատորմը։ Առանց նրա գոյության անհնար էր պաշտպանել պետության ծովային սահմանները։ Այն անհրաժեշտ էր նաև ծովային առևտրի անվտանգությունն ապահովելու համար։ Ռազմական նավատորմի հենակետերն էին Այասը և Կոռիկոսը։

1375թ-ին՝ Կիլիկիայի հայկական պետության անկումից հետո, Հայաստանը բազմաթիվ դարեր կորցրել է սեփական զինված ուժերի համակարգ ունենալու հնարավորությունը, ինչը փոխարինվել է հատվածական գործունեություն ծավալող պարտիզանական և ինքնապաշտպանական ջոկատներով, որոնք էլ 20-րդ դարի սկզբին դարձան Հայաստանի 1-ին Հանրապետության զինված ուժերի կազմավորման հիմքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում