Պատմությունն ավարտելու լավագույն ձևն Արցախը ճանաչելն է. Ռուբեն Վարդանյան

Պատմությունն ավարտելու լավագույն ձևն  Արցախը ճանաչելն է. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետական նախարարն այս մասին հայտարարել է ֆրանսիական հեղինակավոր France 24  հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: 

Հարցազրույցի ընթացքում Վարդանյանը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, որը ստեղծվել է ադրբեջանական շրջափակումից հետո: Պատասխանելով հարցին, թե այս իրավիճակում ի՞նչ կարող է անել և ինչպե՞ս կարող է օգնել  Եվրամիությունը՝  Ռուբեն Վարդանյանը նշել է, որ  Եվրոպան կարող  է Ալիևի ռեժիմի վրա ճնշում գործադրել, բացատրել, թե ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել նրա դեմ և ցույց տալ, որ անընդունելի է 120 հազար մարդու, 30 հազար երեխայի ձմռան պայմաններում զրկել ջեռուցումից:

«Եվրոպացիները պետք է ճնշում գործադրեին և ասեին, որ սա անընդունելի է, որ իրեն Դավոս չեն հրավիրի և ինքն այդ քաղաքակրթության մաս չի կազմի։ Կարող են օդային միջանցք ստեղծել, որպեսզի մարդասիրական ինքնաթիռները կարողանան Ստեփանակերտում վայրէջք կատարել և բերել մեզ այդքան անհրաժեշտ պարեն ու դեղորայք։

Նաև կարծում եմ, որ այս պատմությունն ավարտելու լավագույն ձևը կլինի Արցախը որպես անկախ պետություն ճանաչելը։ Որովհետև Ադրբեջանը չի կարողանում նորմալ կյանքի պայմաններ ապահովել ոչ միայն հայերի, այլ նույնիսկ իր ժողովրդի համար։ Ներկայիս իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հնարավոր չէ ապրել Ադրբեջանի կազմում, որտեղ այդքան ճնշում և այդքան հարձակումներ են լինում քաղաքացիական բնակչության նկատմամբ»,- հայտարարել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։ 

Վերջինս նկատել է նաև, որ Եվրոպան շարունակում է Ադրբեջանի հետ առևտրային գործունեությունը՝ ընդունելով ավտորիտար ռեժիմը, որը փորձում է քանդել Արցախի պես ժողովրդավարական երկիրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում