Ռուսաստանը նոր հաջողություններ ունի Ուկրաինայում․ Միջազգային ամփոփ լրահոս

Ռուսաստանը նոր հաջողություններ ունի Ուկրաինայում․ Միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։

Պուտին-Ռաիսի հեռախոսազրույց

Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմանի հարաբերություններն ու հարևան տարածաշրջաններում համագործակցության հնարավորությունը։ Պուտինի և Ռաիսիի զրույցի հիմնական թեման վերաբերել է երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությանը և տրանզիտային հնարավորությունների մեծացմանը։

Ռաիսին նշել է, որ Իրանն աջակցում է Սիրիայում առկա խնդիրների լուծմանն ուղղված՝ Աստանայի ֆորմատում ընդունված որոշումները։ Պուտինն իր հերթին կարևորել է սիրիրական ճգնաժամի հաղթահարման գործում Իրանի դերակատարումը։

Սա վերջին 10 օրերի ընթացքում Պուտինի և Ռաիսիի երկրորդ հեռախոսազրույցն էր։

Ռուսաստանը նոր հաջողություններ ունի Ուկրաինայում

Պատերազմ Ուկրաինայում

Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական զորքերը նախօրեին նոր հաջողություններ են ունեցել։ Ինչպես տեղից հայտնում են ռազմական լրագրողները, Սոլեդարն ամբողջությամբ գրավելուց հետո Ռուսաստանը գրոհի է անցել Սեվրսկի ուղղությամբ և նախօրեին հաջողել առաջ տանել իր դիրքերը քաղաքի հյուսիսում՝ ըստ էության նախապատրաստելով Սեվրսկը շրջափակման մեջ վերցնելու գործողությունը։

Նույնկերպ ռուսական զորքերը գործում են նաև Բախմուտում, որտեղ նրանց հաջողվել է նախօրեին կարևոր դիրքեր գրավել և գրեթե կտրել Բախմուտն արտաքին սնուցումից։ Ռազմական փորձագետների կարծիքով, առաջիկա մեկ երկու շաբաթների ընթացքում ուկրաինական պաշտպանության Բախմուտ-Սոլեդար-Սեվերսկ գիծն ամբողջությամբ կհաղթահարվի ռուսների կողմից և վերջիններս կշարունակեն իրենց գրոհը Սլավյանսկի ուղղությամբ։

Նախօրեին անսպասելի լուրեր են ստացվել նաև ռուս-ուկրաինական ճակատի Զապորոժիեի ուղղությունից։ Այստեղ ռուսական կողմն անակնկալ հարձակում է սկսել և շատ կարճ ժամանակում գրավել Օրեխով բնակավայրը։ Այս գործողությունը նույնպես հետագա հաջողությունը զարգացնելու լավ հնարավորություն է տալիս Ռուսաստանին։

Ռուսաստանն ու Վրաստանը կարող են վերսկսել ավիափոխադրումները

Ինքնաթիռ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իր երկիրը քննարկում է Վրաստանի հետ ուղիղ ավիափոխադրումների վերականգնման հնարավորությունը։ Պաշտոնական Մոսկվան բարձր է գնահատում Ուկրաինայի խնդրում Վրաստանի որդեգրած դիրքորոշումը և շարունակում ակնարկել այն մասին, որ հետաքրքրված է Թբիլիսիի հետ հարաբերությունները վերականգնելու մեջ։

Նշենք, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008թ. պատերազմից հետո։ Ի պատասխան Վրաստանի այդ քայլի՝ Ռուսաստանն այն ժամանակ չեղարկել է Վրաստանի հետ ուղիղ ավիակապը։

Իշխող «Վրացական երազանք` ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն նախօրեին հայտարարել է, որ Վրաստանը կաջակցի դեպի Ռուսաստան ուղիղ չվերթների վերականգնմանը։

Շառլ Միշելի բողոքը

Չնայած հակառուսական պատժամիջոցների կիրառման հետևանքով Եվրամիությունում և արևմտյան այլ երկրներում առկա տնտեսական և սոցիալական բոլոր դժվարություններին՝ ԵՄ-ն շարունակելու է հնարավորություններ փնտրել հավելյալ սահմանափակումներ մտցնելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Վերջինս նաև խոստովանել է, որ «Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վերաբերյալ յուրաքանչյուր նոր քննարկում շատ ավելի բարդ է լինում, քան նախորդն էր»։ Այնուամենայնիվ Միշելը գտնում է, որ Ռուսաստանի դեմ պայքարում Եվրոպան պետք է աջակցի Ուկրաինային այնքան, որքան դա անհրաժեշտ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում